ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՑ՝ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՑ՝ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ
«Մի վախեցեք լինել միայնակ՝ առավել վտանգավոր է սխալ լինելը»․Շիմոն Պերես

Հայաստանյան վերջին իրադարձությունների շրջանում ոգեւորության ալիքը սրբեց ու իր հետ տարավ ոչ միայն նախկին հուսահատությունները, այլեւ դրանց հետ սրբեց մի շարք ակնհայտ ճշմարտություններ։ Իսկ այսօր դրանց մասին խոսելն ու բարձրաձայնելը ոչ միայն անշնորհակալ, այլեւ վտանգավոր գործ է։

Այնուամենայնիվ ե՞րբ, եթե ոչ այսօր է պետք խոսել.

Հայ հասարակության լայն շրջանակներում հայաստանյան դեպքերը որակվեցին որպես հեղափոխություն, սակայն արդյո՞ք մենք գործ ունեք իրապես հեղափոխության հետ, թե «հեղափոխություն» բառի կիրառումը շփոթության արդյունք է կամ համապատասխան լսարանների համար կիրառված մանիպուլացիոն քայլ։

Թեեւ մի շարք միջազգային փորձագետներ ու քաղաքագետներ նշեցին, որ Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն չէ, բայց նրանց խոսքը ոչ միայն անտեսվեց, այլեւ դիմավորեցին սվիններով ու ատելությամբ, որոնց դրսեւորումները հանդիպեցին սոցիալական ցանցերում։

Բաց թողնենք այդ դրվագները եւ անցնենք առաջ՝ սահմանելով (օգտվելով արդեն գոյություն ունեցեղ սահմանումներից) թե ինչ է հեղափոխությունը եւ համեմատության միջոցով հասկանանք՝ արդյոք մեզ մոտ իրականացածը հեղափոխությո՞ւն է։

Նախ եւ առաջ մեզ պետք է հստակ գիտակցել, որ յուրաքանչյուր բառ եւ նրա արտահայտած իմաստ հստակ պայմանավորվածություն է մարդկային խմբերի միջեւ՝ բառերի արտահայտած իմաստն այս կամ այն առարկայի (երեույթի) ինչ եւ ինչպիսին լինելը հասկանալու համար, բառերը չեն արտահայտում սուբյեկտիվ հասկացողություններ եւ ենթակա չեն անհատական վերաձեւակերպումների, ինչի արդյունքում կկորցնեն իրենց իմաստը եւ զրուցակիցների միջեւ միմյանց հասկանալու հնարավորությունը։

Ինչ է հեղափոխությունը.

Հեղափոխություն. հիմնաքարային փոփոխություն, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում: Արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում եւ սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։ Հեղափոխություններն ունեն 5 հիմնային եւ պարտադիր պայմաններ.

-Տնտեսական խնդիրներ,

-Իշխող համակարգի օտարացում(ապազգայնացում, համաձայնության բացակայություն),

-Հասարակական դժգոհությունների լայն ալիք,

-Միջազգային իրադրության բարենպաստություն,

-Գաղափարախոսություն, որը առաջարկում է վերը թված խնդիրների լուծումների ուղին։

Հեղափոխության պարտադիր տարր է հանդիսանում հեղաշրջումը (արտահերթ իշխանափոխությունը, նախկին իշխող տարրի փոխարինումը), սակայն հեղաշրջումն ինքնին հեղափոխություն չէ, քանզի հեղափոխությունը ենթադրում է նաեւ հասարակարգի փոփոխություն։ Իշխանափոխությունը ընդամենը հեղափոխության ուղեկից պրոցեսներից մեկն է, որը հանդիսանում է երաշխիք սեփական գաղափարների իրացման համար։

Պատմական ակնարկ անենք եւ որպես հեղափոխության ամենից հայտնի օրինակ դիտարկենք ֆրանսիական Մեծ Հեղափոխությունը, որի պրոցեսներին հետեւելով կարելի է արձանագրել մի քանի փաստ.

Մինչհեղափոխական Ֆրանսիայում առաջացել էր գիտամշակութային հզոր ալիք՝ Լուսավորականության շրջանը, երբ մտավոր գործունեության ոլորտի անձանց ազդեցությունը հասել էր բնակչության վրա մաքսիմալի, սկսվել էր կրթության շրջան, արվեստը եւ գիտությունը դուրս էին պրծել պալատական խամաճիկի իրենց դերից եւ մտել ժողովրդական լայն զանգվածների մեջ ու նվիրել նրանց նոր գաղափարներ ու գաղափարախոսություններ։

Թեեւ դժվար է նույնիսկ այդ շրջանի ժողովրդին անվանել կիրթ ու քաղաքակիրթ, ի տարբերություն նույն շրջանի էլիտայի, սակայն ակնհայտ էր, որ տեղի էր ունեցել կրթության ցենզի էական աճ, ժողովուրդը թրծվել էր նոր գաղափարախոսությունների ազդեցության տակ։ Տեղի էին ունենում ժողովրդական զարթոնքին նպաստող պրոցեսներ, ապստամբություններ, ընդվզումներ, որոնք երբեմն ընդգրկում էին նաեւ զինծառայողների եւ զորամասեր։

Սակայն այս ամենը միայն սկիզբն էր հեղափոխության եւ դրանց ու թագավորի նկատմամբ հաղթական պայքարին հաջորդում են հեղափոխության համար ոչ պակաս կարեւոր փուլերը, որոնք պիտի նպաստեին հեղափոխության ձեռքբերումների պահպանմանը՝ լեզվական ռեֆորմներ (որոնցից մեկը ազնվական տիտղոսների վերացումն էր), մշակութային ռեֆորմներ, որոնք արգելեցին պալատական տոնախմբությունները, մի շարք այգիներ եւ զբոսայգիներ բացվեցին հանրության համար, ինչպես նաեւ փոխվեց կառավարության ձեւը եւ կառավարությունը։

Իհարկե, անհրաժեշտ է նաեւ հիշատակել, որ այս ձեռքբերումները երկար չպահպանվեցին, քանզի մեկը մյուսին հաջորդում էին անազնիվ ղեկավարներ եւ իշխանություններ, որոնց համար սեփական շահը վեր էր հանրայինից։ Վերջապես նման ղեկավարներից էր Նապոլեոն Բոնապարտը, որը հեղափոխական կռիվներում կոփված, սիրված, վստահված անձ լինելով ֆրանսիական հանրության կողմից, օգտվելով առիթից աստիճանաբար չեղարկեց ռեֆորմների մի մասը, ապա հասավ նրան, որ Ֆրանսիան վերածվեց կայսրության՝ իր իսկ ղեկավարությամբ։ Եւ ֆրանսիական ժողովուրդը առ ժամանակ կորցրեց այն ամենը հանուն ինչի պայքարել էր։

Վերը շարադրածին ավելացնենք, որ թավշյա հեղափոխությունները, որոնք սկիզբ են առել 1980-ականների վերջից կենտրոնական եւ արեւելյան եւրոպայում, իրենցից ենթադրում են նույն պրոցեսները, բացառությամբ ընդվզողների, ապսամբների կամ ցուցարարների կողմից բռնի ուժի կիրառման։

Այժմ վերադառնանք մեր իրականություն։

Մի քանի շաբաթ առաջ ցուցարարների ղեկավարի (այժմ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի) կողմից Հանրապետության հրապարակում հայտարարվեց թավշյա հեղափոխության սկիզբ, որի կարգախոսն էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Արդյունքում Ս. Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, իսկ ավելի ուշ Ն. Փաշինյանն ընտրվեց վարչապետ։

Շարժման ողջ ընթացքում չի հնչել որեւէ գաղափարի ակնարկ, որեւէ ծրագիր ու առաջարկ, պետության մեջ առկա խնդիրների լուծման տեսլական, փոխարենը օգտագործելով հանրության լայն զանգվածների դժգոհությունը ներկայիս իշխանությունից եւ նրա մարմնավորում հանդիսացող Ս. Սարգսյանից, իշխանությանը պահելով ժողովրդական ճնշման տակ Ն. Փաշինյանը հաջողությամբ իրականացրեց իշխանափոխություն, որն ինչպես այսօր արդեն հայտնի է իր մեջ ունի նաեւ նախկին իշխանական կոալիցիայի անդամների։

Իսկ բազմիցս հնչած քննադատություններին, թե նախկին ընդիմադիր Ն. Փաշինյանը չունի ծրագիր ու գաղափար, բացառությամբ «Մերժիր Սերժին»-ի, նա եւ իր թիմակիցները ի պատասխան հայտարարում էին, որ «Սերժ»-ի տակ հասկանում են ողջ համակարգը եւ իրենց նպատակը համակարգային փոփոխություններն են, այնինչ դրանով նրանք ոչ միայն չէին պատասխանում քննադատություններին, այլեւ կանգնում էին մեկ այլ խնդրի առաջ՝ դեպի ու՞ր ու ինչպիսի՞ փոփոխություն։

Այս հարցին նրանք խուսափում էին պատասխանել, քանզի հստակ գիտակցում էին, որ հավաքված ժողովրդի առջեւ դրված էր միայն մեկ հստակ խնդիր՝ Ս. Սարգսյանի հրաժարականը, որից հետո յուրաքանչյուրն ուներ իր առանձին պատկերացումն ու տեսլականը, շատերը չէին կիսում եւ չէին կիսի Ն. Փաշինյանի հայացքները եւ «բացահայտումը» պետք էր ձգձգել որքան հնարավոր է, հակառակ դեպքում կար հավանականություն, որ նա կկորցներ իր նկատմամբ ունեցած հանրային լայն վստահությունն ու աջակցությունը։

Չէ որ նրա աջակիցները հասարակության լայն շերտերի ներկայացուցիչներ էին եւ նույնիսկ իրարից ծահրահեղ տարբեր քաղաքական աշխարհահայացքներով՝ կոնսերվատորներ, սոցիալիստներ, լիբերալներ, նունիսկ մոնարխիստներ եւ ալք։ Եւ միայն խորհրդարանական լսումների ժամանակ, ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչ ՀՀԿ պատգամավորները նկատեցին՝ Ն. Փաշինյանը ներկայացրել էր նույն ծրագիրը, ինչ ՀՀԿ-ինն էր։

Այստեղ դադար առնելով հիշենք հեղափոխության համար պարտադիր 5 պայմանները եւ ֆիքսենք․

-շարժումը չի ունեցել եւ չունի նախ եւ առաջ գաղափարախոսություն, շարժման մասնակիցները հանդիսացել են բազմաթիվ քաղաքական պատկերացումների տեր մարդիկ,

-շարժումը սոցիալ-տնտեսական (մի գուցե նաեւ մի շարք այլ) հարցերում հավատարիմ է մնում նախկին իշխանության հունին։

Այսինքն պայքարում անտեսվել էր (չկար) «հանուն» սկզբունքը եւ փոխարենը գործում էր միայն «ընդդեմ» սկզբունքը։

Եւ ովքե՞ր էին նախահեղափոխական լուսավորականները կամ որո՞նք էին այդ լուսավորականության իդեաները, միթե՞ բեմից անընդհատ երեւացող «Կարգին Հայկո»-ն եւ նրա «Արա՛, ոնց եմ ես ձեզանից զզվում»-ը, միթե՞ բոլոր այն սերիալային հերոսները, որոնց պակասը հարթակում չզգացվեց։ Իսկ եթե անցնի մի քանի տասնամյակ ու ձեզ հարցնեն, թե ո՞րն է հեղափոխության նվաճումը, ի՞նչ եք պատասխանելու՝ Ս.Սարգսյանի հեռացու՞մը, որը այսպես թե այնպես մի քանի տասնամյակ անց ֆիզիկապես գոյություն չի ունենա, իսկ «հեղափոխության ձեռքբերումները պահպանելու» կոչի տակ հավանաբար կհասկացվի Ս.Սարգսյանի աճյունը իշխանությանը մոտ չթողնե՞լը։

Իհարկե, գտնվեցին խելացիներ, ովքեր նաեւ խոսում էին բուժուադեմոկրատական հեափոխության մասին… Իսկ ինչպիսի՞ պետություն էինք մինչ այդ՝ Բուրժուադեմոկրատական։ Այո, Հայաստանը բուրժուադեմոկրատական երկիր է, դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Նոյնիսկ ավելին՝ ներկա մշակութային, սոցիալ-տնտեսական խնդիրները հասարակության մի ստվար հատված հստակ համոզում ունի, որ հենց բուրժուադեմոկրատիայի հետեւանքներ են, որը մեզ վերածել է սպառողական հասարակության, բայց սա թողնենք…Հետեւաբար չի կարող խոսք անգամ գնալ հեղափոխության մասին՝ ոչ դասական, ոչ թավշյա, ոչ անգամ բրդե ու փետրավոր, եւ այժմ երբ հայտնի է կառավարության կազմն ու բարձրաձայնված են նրա հիմնական անելիքները՝ մենք կարող ենք համոզված լինել վերը նշվածում։

Սակայն հաշվի առնելով իրականացված իշխանափոխությունը (անտեսելով, որ նախկին իշխանությանը «հավատարմության երդում տված» կոալիցիոն ու օլիգարխիկ ուժերը այժմ նոր կառավարության մաս են), անկախ առկա բազմաթիվ վերապահումներից, մենք որոշ չափով կարող ենք իրադարձությունները բնութագրել որպես հեղաշրջում (ավելորդ չէ կրկնել՝ բազմաթիվ վերապահումներով), այսինքն երբ խնդրի աղբյուր են դիտարկվում անձերը, առկա իշխանությունն ու նրա ներկայացուցիչները։

Ի դեպ հեղաշրջում կամ ռուսերենում համարժեք «переворот» բառերը անգլերենում եւ այլ արեւմտյան լեզուներում շատ հաճախ չեն կիրառում եւ դրվում են հեղափոխությանը համարժեք «revolution» բառի տակ, ինչն էլ առաջացնում է իմաստային շփոթություններ։

Ի բարեբախտություն մեզ՝ հայերենը հարուստ լեզու է, օգտվեք այդ հարստությունից։

Be the first to comment on "ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՑ՝ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ"

Leave a comment

Your email address will not be published.


*