ՆՈՐ ԵՒ ՀԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ. ՈՎ՝ ՈՎ Է

ՆՈՐ ԵՒ ՀԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ. ՈՎ՝ ՈՎ Է
Գործադիրի որոշ անդամների լուսանկարներն ու կենսագրությունները դեռ տեղադրված չեն պաշտոնական կայքում, բայց «հեղափոխական» կառավարությունը կազմ պատրաստ անցել է գործի: Հիմնական սկզբունքն ակնհայտ է՝ կառավարությունում չկան օլիգարխներ, վարկաբեկված, կոռուպցիոն սկանդալներում թրծված անձինք, մութ պատմությունների հերոսներ:

Առաջ են քաշվել «մաքուր» գործիչներ՝ ՔՊ նախկին պատգամավորներ Արտակ Զեյնալյանը (արդարադատության նախարար), որն ամբասիր իրավաբանի համբավ ունի, փաստաբանական հաղթանակներ ՍԴ-ում և ՄԻԵԴ-ում, կենսաթոշակային բարեփոխումների դեմ ձևավորված «Դեմ! եմ» շարժման հիմնադիր անդամ, «Լուսավոր Հայաստանի» գործիչ Մանե Թանդիլյանը (աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար), Արարատ Միրզոյանը (առաջին փոխվարչապետ), որը «Քայլ արա» շարժման լիդերներից է, և հեղափոխության օրերին ամեն օր Նիկոլի կողքին էր:

Հին, բայց չվարկաբեկված

Նախկին իշխանության հետ կապվածները պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր, ՀՅԴ-ական երկու նախարարներն են, ԲՀԿ «փոխանցիկ դրոշ» արտակարգ իրավիճակների նախարար Հրաչ Ռոստոմյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը ներգրավվել է որպես ոլորտի հնաբնակ, «ապաքաղաքական» պրոֆեսիոնալ: Նրա ծառայությունները պետք են եկել բոլոր վարչապետներին: Ջանջուղազյանը կառավարությունում է 1990 թվականից, իսկ 95-ից ֆինանսների նախարարության համակարգում բարձր պաշտոններ է զբաղեցրել: ՀՅԴ-ն որպես իշխանության մշտական ուղեկից, Կարեն Կարապետյանի կառավարությունում ուներ երեք պորտֆել:

Այս անգամ բավարարվել է երկուսով՝ տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարի: Վերջինս, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՅԴ-ի կոալիցիոն համաձայնագրից դուրս գալուն պես հրաժարական տվեց, բայց մուկն ու կատու խաղալով մամուլի հետ, անիմաստ հերքումներ էր տարածում: Արթուր Խաչատրյանը խելոք, «գլուխը կախ» մարզպետի համբավ ուներ, որը, ինչպես գյումրեցիներն են ասում՝ «ոչինչ չբերեց ու ոչինչ չտարավ»:

Հին և ծանոթ ընկերներից է տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: 2016-2018 թվականին նա չհաջողեց որպես բնապահպանության նախարար: Թեև բաց էր աշխատում, սակայն անօգնական պահվածք ուներ հանքարդյունաբերական գիգատների՝ Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի և Թեղուտի բնությունն անիմաստ ոչնչացնող «Վալեքս» ընկերությունների հետ հարաբերություններում: Տնտեսագետ Արծվիկ Մինասյանն ավելի լավ էր «նայվում» էկոնոմիկայի նախարարի աթոռին, որը զբաղեցնում էր մինչ այդ և որից հրաժարվեց վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած հակասությունների պատճառով:

Բնապահպանության նախարար «տնտեսագիտական թեքումով»

Նախկին վարչապետի աշխատակազմից է բնապահպանության նոր նախարարը՝ Էրիկ Գրիգորյանը, որը 2017 թվականին նշանակվել էր վարչապետի խորհրդական բնապահպանական հարցերով: Սակայն Էրիկ Գրիգորյանը երբեք չի եղել դասական իմաստով բնապահպան: ԵՊՀ տնտեսագիտականի շրջանավարտ, նա 2002-2009 թվականներին աշխատել է բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչությունում, այնուհետև միշտ փորձագիտական աշխատանք է կատարել դրսի կառույցների՝ ՄԱԿ-ի, ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերում: Ի դեպ, նա մտերիմ ընկերական հարաբերություններ ունի «Լիդիան Արմենիա» ընկերության մենեջերների շրջանում, իսկ «ֆեյսբուքյան» տիրույթում որպես «գիտունիկենրի խմբի» անդամ, մի ժամանակ վիրտուալ պատերազմներ էր մղում բնապահպան ակտիվիստների դեմ:

ԲՀԿ-ն առանցքային պաշտոններ ստացավ տնտեսական բլոկում

«Բարգավաճը» թեև սկզբում հայտարարում էր, որ առանց նախապայմանների է աջակցում Փաշինյանին, այնուամենայնիվ 5 պորտֆել ուզեց, որոնցից երեքը առանցքային են՝ տնտեսական «բլոկում», իսկ մեկը՝ ուժային: ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի առաջարկով նշանակվել են փոխվարչապետ, խոշոր բանկային մասնագետ «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը ԲՀԿ-ի «փոխանցիկ դրոշն» է, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը, որի կենսագրության միակ հանրահայտ կետը բաժնի պետի պաշտոնն է նույն նախարարությունում, ինչպես նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, պահուստային գնդապետ Աշոտ Հակոբյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը առնվազն 6 խոշոր հայկական բանկերում է աշխատել, իսկ իր ճանապարհը սկսել է 96 թվականին որպես ԿԲ իրավաբանական վարչության պետ: Պորտալարով նա կապված է նախկին իշխանության ֆինանսական վերնախավի հետ: Սեպտեմբերի 21-ին անկախության տոնի կապակությամբ նույնիսկ մեդալ է ստացել նախագահ Սերժ Սարգսյանից: Նաև «Տաշիր գրուպի» բիզնես-գործընկերն է: Անցյալ տարի նոյեմբերին Մհեր Գրիգորյանը, ի թիվս այլ բանկերի ներկայացուցիչների, «Տաշիրի» հետ համատեղ փաստաթղթեր է ստորագրել Հայաստանի էներգետիկ ոլորտում մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու ծրագրի վերաբերյալ:

Պետական ապարատում նա նոր մարդ է: Իսկ Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը երկրորդ անգամ է նախարար աշխատելու: 2010-2012 թվականներին նա կրկին ԲՀԿ քվոտայով զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Ոչնչով այդ պաշտոնում չի առանձնացել և հրաժարական է գրել, երբ 2012 թվականին Գագիկ Ծառուկյանը չմիացավ իշխանական կոալիիային և իր նախարարներին հորդորեց «գնալ, հանգստանալ»: Նա արդարադատության գնդապետի կոչում ունի, ավելի հայտնի է իր աշխատանքով վերահսկիչ պալատում, որտեղ ղեկավարում էր իրավաբանական բաժինը: Գրիգորյանը հաճախ բարձրաձայնում էր ՎՊ աղմկահարույց բացահայտումները:

Տրանսպորտի նորանշանակ նախարար, ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը, որի առաջ լուրջ խնդիր է դրվելու՝ բարելավել հասարակական տրանսպորտի վիճակը, երբեք «տրասնպորտնիկ» չի եղել: Քոչարյանի իշխանության օրոք նա ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում քննիչ է աշխատել, 2008-2011թթ. թրաֆիկինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ է եղել, ավելի ուշ տեղափոխվելով քննչական կոմիտե և ՀՔԾ: Թերևս միակ քաղաքացիական պաշտոնը եղել է առևտրի ոլորտում՝ Ծառուկյանին պատկանող հայ-բելառուսական առևտրի տան տնօրեն է աշխատել՝ մի խանութում, որը հայ-բելառուսական բարեկամության հուշարձան է, բայց որում առևտուրը ստեղծման օրվանից մեռած է: Աշոտ Հակոբյանը 50 տարեկան է:

«Քայլող» նախարարները

Կառավարության երիտասարդ թևը Նիկոլ Փաշինյանի հետևորդներն են, «Քայլ արա» շարժման ակտիվը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, ֆինանսիստ, մոդելավորող Տիգրան Ավինյանը՝ 29 տարեկան, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ 32 տարեկան, որը կազմակերպչական հարցերով էր զբաղվում, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, որին քայլերթի գաղափարի հեղինակն են համարվում: Նա ամենաերիտասարդ նախարարն է՝ ընդամենը 28 տարեկան: Վերջինս մտնելով սփյուռքի նախարարություն, հարցրել է աշխատողներին, թե ինչու չեն ժպտում: ԿԳ նախարար, 39 տարեկան դասախոս Արայիկ Հարությունյանը նրանց ֆոնին ծերուկ է:

Նա ևս «քայլող ակտիվից» է, նախկինում մի շարք քաղաքացիական շարժումների և կազմակերպությունների ակտիվիստ է եղել՝ «Բանակն իրականում» , «ՀԻՄԱ» ՀԿ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին», «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ, մի շարք լրատվամիջոցներում է աշխատել: Շարժման օրերին նա հայտնի դարձավ նաև իր չալիկով, որը գտել էր դաշտում և քարշ տվեց իր հետ մինչև Երևան, որպես «քայլի» հեղափոխության սիմվոլ: Նրանք մի թիմի, միմյանց հետ մտերիմ, միմյանց «ստատուսները լայքող» մարդիկ են, բոլորը արտասահմանում կրթություն ստացած, և նրանց նշանակումներն անակնկալ չէին: Սպասված էր նաև 2014-2018թթ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Զոհրաբ Մնացականյանի նշանակումը արտաքին գործերի նախարար:

Մնացականյանը փորձառու դիվանագետ է, որը, սակայն, կարևոր ծառայություն է մատուցել նախագահ Սարգսյանին, 2008-2011 թվականներին, երբ Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր և փրկում էր Հայաստանի դեմքը ԵԽ-ում մարտի 1-ի իրադարձություններից հետո: Ի դեպ, 2011 թվականին Սերժ Սարգսյանը նրան Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել: Նա Ասոցացման պայմանագրի առաջին տարբերակի բանակցային խմբում էր եւ մեծ դերակատարում է ունեցել այդ շրջանում։ Ինչպես հիշում ենք՝ պայմանագիրը չստորագրվեց եւ ստորագրվեց միայն 2 տարի անց՝ բավականին ձեւափոխված տարբերակով։

Ներողություն խնդրող նախարարը նորություն է

Անակնկալ էր Լիլիթ Մակունցի մշակույթի նախարար դառնալը, ինչպես նաև «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրեն, բժիշկ Արսեն Թորոսյանի նշանակումը առողջապահության նախարարի պաշտոնում: Վերջին օրերին նրանք երկուսն էլ քննադատության ենթարկվեցին: Բանասեր, Ռուս-հայկական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Լիլիթ Մակունցի մասին սոցցանցերում գրեցին, որ նա մշակույթի ոլորտի հետ կապ չունի, իսկ Արսեն Թորոսյանին քննադատեցին սոցցանցերում նախկին գրառումների համար: Վարակիչ հիվանդությունից մահացած երեխայի մասին, որի ծնողները հրաժարվել էին նրան պատվաստել, Թորոսյանը գրել էր՝ «Աստված պատժեց այդ ընտանիքին»:

Երեկ նոր նախարարը երկար ու հանգամանալից, նոր ժամանակների ոգուն համապատասխան «live-արդարացումներ» սփռեց իր էջից «ուղիղ եթեր» մտնելով և ներողություն խնդրելով: Ներողություն խնդրող նախարարը ևս նորություն է մեզանում, որը հետաքրիր է դարձնում մեր կյանքը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի նոր նախարարը՝ անակնկալը, որոնք տեղի ունեցավ Հայաստանում մարտի 31-ից հետո, պետք է տրամաբանական շարունակություն ունենար նաև կառավարությունում:

Be the first to comment on "ՆՈՐ ԵՒ ՀԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ. ՈՎ՝ ՈՎ Է"

Leave a comment

Your email address will not be published.


*