ՇԱՏ ՀԱՎԱԿՆՈՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ

ՇԱՏ ՀԱՎԱԿՆՈՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ
Թվում էր, թե ժողովրդական շարժումը հասել է տրամաբանական ավարտին, եւ եկել է ժամանակը՝ կառուցողական եւ երկրի զարգացմանը միտված քայլեր անելու, աշխատանք ցույց տալու` սիրո եւ համերաշխության մթնոլորտում:

Մեկ էլ ի՞նչ, տեսնում ենք, որ ինչ-որ տարբեր խմբեր մե՛կ քաղաքապետարանի առջեւի փողոցն են փորձում փակել, մե՛կ էլ գալիս՝ աստիճանների վրա են նստում կամ Երեւանի տարբեր հատվածներում «ջիպերով» ճռիկներ են տալիս, ինչ-որ բան են գոռգոռում: Հարց է առաջանում․ արդյոք ովքե՞ր են այդ մարդիկ եւ ի՞նչ նպատակ են հետապնդում:

Պարզվում է՝ «քաղաքապետ Տարոնին մերժելու» ակցիա են անում, բայց մերժում են ոչ թե աշխատանքի համար, այլ, թե «բա տես, իշխանությունը գնացել ա, դու էլ պետք ա գնաս» թեմայով: Այսինքն՝ ինչ-որ մարդիկ, ինչ-որ «մերժման մոլուցքի» մեջ ընկած, փորձում են իրենց անձնական շահերն առաջ տանելու համար իրենց պաշտոնամոլության դրսեւորումներն իրացնել քաղաքապետարանի եւ քաղաքապետի դեմ՝ մե՛կ տարբեր ՀԿ-ներ հանելով, մե՛կ անհասկանալի դժգոհություններ ունեցող, մարզերի բնակիչ հանդիսացող քաղաքացիներին բերելով Երեւանի քաղաքապետարանի դիմաց:

Այսպես որ գնա, ուրեմն վաղը վարչության պետի, դպրոցի, մանկապարտեզի տնօրենի կամ պետական այլ պաշտոնի համար կսկսենք ոչ թե օրենքի շրջանակում, իրավական գործընթացներով առաջնորդվել, այլ փողոցային ցույցեր ու ճնշումներ անելով պաշտոններ ուզել՝ մի կողմ դրած Սահմանադրությունն ու օրենքները:

Ջան եմ ասել։ Օրենքի երկիրը, ստացվում է, այսուհետ էսպես ենք սարքելու: Փաստորեն, շատ հավակնոտ ժողովուրդ ենք, հիմա ով ինչ պաշտոնի հավակնում է, ուզում է փողոց փակելով հասնել իր երազանքին: Երազելը վատ բան չէ, ուղղակի պետք է հաշվի առնել, թե ինչքանով են երազանքներդ իրատեսական, որպեսզի վերջում անհարմար դրության մեջ չհայտնվես:

Be the first to comment on "ՇԱՏ ՀԱՎԱԿՆՈՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ"

Leave a comment

Your email address will not be published.


*