ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ՔՐՈՋ ՀԱՐՑԸ ՇՊՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՎԵՐԱՆԱՅԻ

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ՔՐՈՋ ՀԱՐՑԸ ՇՊՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՎԵՐԱՆԱՅԻ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը Գյումրի այցելեց։ Սրան հետևեց Շիրակի Պետական Համալսարանի՝ Հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը, ինչը ամիսներ շարունակ պահանջում էին բուհի մի շարք ուսանողներ եւ դասախոսներ: Բուհի կառավարման խորհուրդը կազմալուծվեց եւ առաջիկայում ձևավորվելու է նոր կառավարման խորհուրդ, որի անդամներն էլ ընտրելու են ռեկտորին:

Այսօր կրթության նախարարը հայտարարեց, որ հանձնարարել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին զբաղվել մի քանի ամիս առաջ ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից աշխատանքից ազատված երկու դասախոսների՝ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի հարցերով: Նախարարի այս հայտարարությունն ուսանողների մոտ արդեն մեծ հույս է ներշնչել, որ ազատված դասախոսները մեծ հավանականությամբ հետ են վերադառնալու:

Այսպիսի վստահությամբ է լցված նաև բուհի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը: Հիշեցնենք, որ օրերս Սահակ Մինասյանն աշխատանքից ազատեց նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել ֆարմանյանի քրոջը:

Պրոռեկտորին, ինչպես նաև երկու դասախոսներին աշխատանքից ազատելու հանգամանքը ռեկտորը մեզ հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեց. «Այս տարի ու կես է՝ այդ երեքը, սկզբում ընդհատակ ձևով, հետո արդեն բացահայտ ձևով վարկաբեկում են բուհը, ինձ:

Պատճառը աթոռակռիվն է, որովհետև ինքը Ֆարմանյան Սամվելի քույրն է, պիտի դառնա ռեկտոր, հաստիքների կրճատում է եղել, կրճատվել է, թող գնա դատարանում բողոքարկի»:

Ուշագրավ է, որ այսօր նախարար Արայիկ Հարությունյանը, ի տարբերություն մյուս երկու դասախոսների խնդրի, Անահիտ Ֆարմանյանի հարցը անորոշ թողեց՝ ասելով, որ նոր ձևավորվող կառավարման խորհուրդը պետք է որոշի՝ անհրաժե՞շտ է բուհին երկրորդ պրոռեկտորի հաստիք, թե՞ ոչ:

«Նոր ձևավորվող հոգաբարձուների խորհուրդը վերանայելու է կառուցվածքը: Ամեն ինչ լավ կլինի», — մեր հարցին, թե ինչ սպասելիքներ ունի, այսպիսի լավատեսությամբ պատասխանեց ինքը՝ Անահիտ Ֆարմանյանը:

Նշենք, որ այս պահին դեռ հստակ չէ, թե ովքեր են ռեկտորի հավանական թեկնածուները: Երբ Սահակ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե կմասնակցի նոր ընտրություններին՝ առաջադրելով իրեն, պատասխանեց. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, հետոյի համար հետո կխոսենք»:

Be the first to comment on "ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ՔՐՈՋ ՀԱՐՑԸ ՇՊՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՎԵՐԱՆԱՅԻ"

Leave a comment

Your email address will not be published.


*