ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1»-Ը

ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1»-Ը
Մինչ նախարարական կաբինետներ ոտք դնելը, Նիկոլ Փաշինյանի նորանշանակ նախարարները շաբաթ-կիրակի օրերին բուռն քննադատության ենթարկվեցին եւ արդեն իսկ ճաշակեցին նախարար լինելու «հաճույքը»։ Երեկ նրանց «սեպտեմբերի 1»-ն էր։

Թավշյա հեղափոխության ակտիվիստներից նախարար դարձած նորանշանակների աշխատանքային առաջին քայլը եւս հեղափոխություն բերեց պետական գերատեսչություններում, որտեղ սովոր են «շեֆին» դիմավորել հավսար-զգաստի մեջ, խոնարհվել նրա առաջ։

Ի տարբերություն նախկինների, երիտասարդ նախարարներն իրենց աշխատավայրեր ոտք դրեցին առանց ուղեկցող շքախմբի, առանց ավելորդ հանդիսությունների, իրենց նոր աշխատասենյակներից ոմանք «լայվ» մտան՝ անձամբ զեկուցելով հանդիպման ու անելիքների մասին։

Փոխարենն ակնհայտ դիսկոմֆորտի մեջ էին աշխատակազմերի հատկապես տարեց եւ միջին տարիքի պաշտոնյաները, որոնք չէին հասցնում եռանդուն եւ քայլարշավում կոփված նախարարների հետեւից։ Իսկ նրանցից ոմանք սենյակից սենյակ անցնելով էին ծանոթացել աշխատավայրին։

Նոր կառավարության ամենաերիտասարդ ու քննարկված կադրը սփյուռքի 27-ամյա նախարար Մխիթար Հայրապետյանն է, ով լրագրողների ուղեկցությամբ մտավ նախարարություն, ապա անձամբ ծանոթացավ կառույցի 92 աշխատակիցներին, ինչից հետո հարազատ հարթակում՝ Ֆեյսբուքում, կիսվեց տպավորությունների մասին․

«Այլեւս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից, այլեւս երբեք խորհրդակցությունների սրահում միայն նախարարի առջեւ ջուր դրված չի լինելու, այլեւս երբեք սփյուռքի նախարարությունը նախկինը չի լինի: Սա հեղափոխություն է, սիրելիներս, եւ սա նաեւ արժեքների, մշակույթների հեղափոխություն է: Սարսափելի շատ անելիքներ ունենք, երեկոյան կամփոփեմ առաջին աշխատանքային օրս: Բայց մի բան արդեն կայացած փաստ է՝ փոփոխություններն արդեն եկել են: Ի գործ»:

Իսկ նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, որը տասը տարուց ավելի՝ կառույցի ստեղծման օրվանից ղեկավարում էր, որոշել էր չմասնակցել նորանշանակի «բենեֆիսին»։ Նորաթուխ նախարարին «չդիմացավ» անգամ տիկին Հակոբյանի աշխատասենյակի փոքրիկ սեղանը՝ ուղղակի քանդվեց։ Աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը պարզաբանեց, որ այն վնասված ու վերանորոգված էր․ «Սեղանը վնասվել էր նոր շենք տեղափոխվելու ընթացքում, մոտ երկու տարի առաջ, հավանաբար, սոսինձն էր հնացել, ու պետք չէ այլ մեկնաբանություն տալ»։

Իսկ նախկին նախարարի բացակայության առիթով էլ ասաց, որ, ընդունված կարգի համաձայն, այսօր վարչապետի ներկայությամբ անձամբ կմասնակցի պորտֆելահանձնման արարողակարգին։ Աշխատակազմի ղեկավարը թեպետ լավ տպավորություն է ստացել երիտասարդ նախարարից, բայց ազատման դիմում է գրել։ «Ես շնորհավորել եւ հաջողություն եմ մաղթել նախարարին, բայց, լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, պարկեշտությունը ենթադրում է, որ պետք է հեռանամ»,- շեշտեց Զաքարյանը՝ ասելով, որ ինքնակամ է հեռանում։

Մխիթար Հայրապետյանին, հիշեցնենք, առավելապես քննադատում են տարիքի եւ անփորձության պատճառով, աշխատակազմի ղեկավարը, մինչդեռ, վստահեցնում է, որ դա թերություն համարվել չի կարող․ «Նախ՝ շատ անմիջական անձնավորություն է, երկրորդ՝ որ ասում են անփորձ երիտասարդ, դա շատ հարաբերական է։

Շատերս ենք երիտասարդ տարիներին ստանձնել ինչ-որ պաշտոն, եւ միշտ կասկածել են՝ արդյոք կհաղթահարե՞նք, բայց միշտ էլ հաղթահարում է, որովհետեւ այն էներգիան, որ կա երիտասարդների մեջ, կոմպենսացնում է անփորձությունը, մանավանդ, որ մենք ունենք պրոֆեսիոնալ ապարատ, աշխատել ենք տասը տարի, Հրանուշ Հակոբյանի հետ, ունենք փորձառություն, որ չի կարող ի դերեւ լինի»։ Ի դեպ, Հայրապետյանը երեկ առաջին «պռոմըխը» թույլ տվեց ու հայտարարեց «երկպալատ խորհրդարան» ստեղծելու հակասահմանադրական ծրագիրը կյանքի կոչելու մասին։

ՄԵՐԺՎԱԾԸ․ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՆԱԽԱՐԱՐ ՉԻ ԳԱԼԻՍ

Նոր կառավարության ամենաքննադատված նախարարներից մեկն առողջապահության նախարար, երիտասարդ բժիշկ Արսեն Թորոսյանն է։ Նրան համարում են համակարգի պսեւդոընդդիմադիր, որը սերտ համագործակցել է նախկին նախարար Լեւոն Ալթունյանի հետ ու զբաղվել աղմկահարույց գարդասիլի պրոպագանդմամբ։ Նա այս թեմայով ամիսներ առաջ խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ էլ կուրծք էր ծեծում։

Թորոսյանը նաեւ աթեիստ է, որը համացանցում ժամանակ առ ժամանակ աչքի է ընկել իր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական կեցվածքով։ Օրինակ՝ 2 ամսական երեխայի մահվան մասին Ա. Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հեգնել է. «Աստված ա պատժել այդ ընտանիքին»։ Նա ռեզոնանսային ամենաեկամտաբեր սարքավորումներով հագեցած «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի ղեկավարն է։ Երեկ նրան դիմավորել է անձամբ Լեւոն Ալթունյանը։

Թորոսյանը խոստացել է շարունակել նախորդի հաջողված ծրագրերը, խմբագրել խոցելիները։ Իսկ աշխատակազմի հետ հանդիպումից հետո հարկ համարեց իր նախկին գրառումների համար ներողություն խնդրել. «Հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել»։

Ինքնատիպ է անգամ նախարարի սերը հայրենիքի նկատմամբ, նա գրառում ունի․ «Չմո երկիր Հայաստանը»։ Ի դեպ, համակարգի մեր աղբյուրները հայտնեցին, որ Թորոսյանի նշանակումն իրավիճակային լուծում է եղել, Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե ցանկացել է «թութակով փոխնախարարին»՝ Սամվել Մարգարյանին վստահել պաշտոնը, սակայն լրատվական արտահոսքից հետո համակարգը բողոքի ալիք բարձրացրեց, եւ վարչապետը չեղարկեց որոշումը, ու հաջորդեց ոչ պակաս աղմկոտ նշանակումը։ «Էշին փալան չի գալիս, մեր վրա էլ՝ նախարար»,- ասում են համակարգում։

ԱՆԾԱՆՈԹ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ

Նոր կառավարողների կաբինետում երկու գեղեցիկ սեռի ներկայացուցիչ կա՝ սոցապնախարար նշանակված Մանե Թանդիլյանը, ով հանրաճանաչ դարձավ «Էլեկտրիկ Երեւանին» պայքարի մասնակցությամբ, եւ մշակույթի նախարար, 35-ամյա Լիլիթ Մակունցը։ Բայց մինչ ազգը կպարզեր, որ Մակունցը Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին է, Փաշինյանի կնոջ ընկերուհին եւ 2012-ին էլ ՀԱԿ ընտրացուցակում 59-րդ տեղն է զբաղեցնել, մենք տեղեկացանք, որ հրամանագիրը լինելուց րոպեներ անց Մակունցն ուղեւորվել է նոր աշխատավայր՝ չպատկերացնելով, որ պետական հիմնարկներն աշխատանքային օրվա ավարտից հետո փակվում են։

Նա ստիպված էր այդ գիշեր Ֆեյսբուքում հաշվետվություն ներկայացնել, թե ինչ կապ ունի մշակույթի հետ։ «Սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպեսեւ՝ մեզանից յուրաքանչյուրի»,- գրել էր նախարարը: Երեկ առավոտյան աշխատանքի բարձրանալիս էլ վերելակում լրագրողներին մեկնաբանել էր իր անակնկալ նշանակումը․ «Հասկանալի էր, որ անակնկալ էր, ինչպես նորանշանակ կառավարությունում շատերի նշանակումը։ Շատերի համար անակնկալ էր նաեւ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 31-ից հետո, որը ենթադրում էր տրամաբանական շարունակություն նաեւ կառավարական ապարատում»։ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ էր, շաբաթ օրն էր շտապել աշխատանքի, հանդիպել փոխնախարարների, տեսչության պետի հետ։

Ի դեպ, նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի աշխատակազմը գրեթե ողջ կազմով հեռացել է նրա հետ, բացառությամբ խոսնակ Լուսինե Մարգարյանի։ Հարությունյանը նախեւառաջ ուշադրությունը բեւեռել է գործուղումների խնդրի վրա։

«Գործուղումն էքսկուրսիայի ու տուրիստական ուղեւորության վերածելու դարաշրջանն ավարտվեց։ Եթե վարչապետն ու նախարարը կարող են մեկ օրում մասնակցել որեւէ արտասահմանյան այցի ու շտապ վերադառնալ աշխատանքի, նույնը պետք է անեն նաեւ նախարարության մյուս աշխատակիցները»,- գրառել է նա։ Իսկ երեկ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան կայցելի Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանի խնդիրներին լուծում տալու համար:

Ուշագրավ է, որ նրան դիմավորել է ՀՀԿ-ական փոխնախարար, Լեւոն Մկրտչյանի եւ փոխնախարար Դավիթ Սահակյանի հրաժարականներից հետո նախարարի պարտականությունները կատարող Վահրամ Մկրտչյանը։ Վերջինս չի պատրաստվում ինքնակամ հեռանալ պաշտոնից։ «Ես իմ պարտականությունները կատարում եմ, մինչեւ գա համապատասխան հանգուցալուծում»,- երեկ մեզ ասաց Վահրամ Մկրտչյանը։ Թե որն է այդ հանգուցալուծումը, նա չմանրամասնեց եւ ցանկություն հայտնեց եզրափակել հարցի քննարկումը, երբ հիշեցրինք, որ ՀՀԿ-ն չի պարտադրում իր կուսակից պաշտոնյաներին հրաժարական տալ, ընդամենը կսառեցվի իրենց անդամությունը կուսակցությանը։

«Ես կմնամ որոշումների շրջանակում»,- ասաց նա։ Այսինքն՝ կմնաք Ձեր պաշտոնում այնքան, որքան նորանշանակ նախարա՞րը կկամենա։ «Այո»։ Ի դեպ, Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցն ամուսնացած չեն, եւ, մեր տեղեկություններով, «ՔՊ»-ում թաքուն ծրագրեր են ունեցել նրանց իրար հետ ամուսնացնելու։ Լավ զույգ կստացվեր․ երկու նախարար՝ մի տնից։

Ֆեյսբուքյան «լայվով» իր անելիքների մասին զեկուցեց նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը։ Արտակ Զեյնալյանին էլ աշխատակազմին է ներկայացրել անձամբ Դավիթ Հարությունյանը։ Նախկին նախարարը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրել, որ սատարելու է նախարարի կողմից իրականացվելիք ծրագրերը

Be the first to comment on "ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1»-Ը"

Leave a comment

Your email address will not be published.


*