Հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքեր են բացահայտվել. հարուցվել են քրեական գործեր

Հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքեր են բացահայտվել. հարուցվել են քրեական գործեր
ՀՀ գլխավոր դատախազութան լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել են քրեական գործեր հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքերի առթիվ:

Մասնավորապես՝ ՊԵԿ հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Ս.. կոստրուցիոնի» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղը Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների համար: 2017թ. հոկտեմբերի 4-ին ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանի անվամբ դուրս է գրվել 233.929.991 ՀՀ դրամի ծառայությունների մատուցման հարկային հաշիվ: Սակայն ընկերությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել 2014թ. 4-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկը:

ՊԵԿ աշխատակիցների կողմից կազմվել է հարկային պարտավորությունների հաշվարկման մասին տեղեկանք, որի համաձայն «Ս…. կոստրուցիոնի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից 2017թ. 4-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկը չներկայացնելու հետևանքով առաջնում են պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 38.988.332 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ: Այսինքն ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2017թ. 4-րդ եռամսյակի վերաբերյալ ԱԱՀ-ի հաշվարկը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու հետևանքով ընկերությունը խուսափել է պետական բյուջե ընդհանուրը՝ 38.988.332 ՀՀ դրամ շահութահարկ վճարելուց:

Ելնելով նյւթերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալների համակցությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՊԵԿ քննչական վարչությանը:

Մեկ այլ դեպքում ՊԵԿ հետաքննության բաժին փաստաթղթեր են ստացվել այն մասին, որ ՊԵԿ ՀՎՍՎ բաժնում հաշվառված «Մ…» ՍՊԸ-ի կողմից, գրանցման օրվանից՝ 13.05.2013թ.ից, ըստ «Հարկատու» 3 տեղեկատվական բազայի տվյալների, կատարված ընդհանուր վճարումները կազմում են 3.832.557 ՀՀ դրամ: Իսկ վերջին վճարումը ընկերության կողմից կատարվել է 09.12.2015թ.՝ 1.000 ՀՀ դրամի չափով: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.06.2017թ. վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ:

Ընկերության սնանկության գործով ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից ներկայացվել է ապառքի, տույժ և տուգանքի գծերով՝ ընդհանուր 47.801.171 դրամի չափով պահանջ:

Համաձայն տրված փորձագիտական եզրակացության՝ պարզվել է, որ եթե ընկերությունը 2014թ. և 2015թ. շահութահարկի հաշվարկներում ցույց տրված հաշվետու տարվա համախառն եկամուտների գումարները ստացել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, ապա կարող էր վճարել պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորություններից 13.240.894 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Be the first to comment on "Հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքեր են բացահայտվել. հարուցվել են քրեական գործեր"

Leave a comment

Your email address will not be published.


*