ՀԱՍՆԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՍԿ ԱՅՆՏԵՂ ԱՐԴԵՆ ԿԵՐԵՒԱ

ՀԱՍՆԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՍԿ ԱՅՆՏԵՂ ԱՐԴԵՆ ԿԵՐԵՒԱ
Նոր կառավարության կազմավորումից հետո, փոխանակ նվազելու, առավել ինտենսիվ սկսեցին շրջանառվել Նիկոլ Փաշինյանի շուտափույթ ձախողման մասին «նախկինների» գուշակություններն ու «նավսումները»: Անշուշտ, դրան նպաստեց նաեւ կառավարությունում միանգամայն անհայտ մարդկանց, այսպես ասեմ` «քինդեր սյուրպրիզների» հայտնվելը, ինչը նման գուշակություններին մի տեսակ «հավաստիություն» է հաղորդում:

Եթե անկեղծ լինեմ` ինքս էլ առանձնապես մեծ հավատ չունեմ, որ նման թիմով Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է մեծ գործեր անել: Բոլորս էլ հասկանում ենք, որ մի գեղեցիկ օր այս երիտասարդներից շատերը հասկանալու են, որ իրենց տեղում չեն, որ չեն ձգում հրապարակում տրված խոստումներին ու, մանավանդ, այն պատկերացումներին, որ իրենք են ունեցել պետության կառավարման, առաջընթացի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության, անվտանգության, սոցիալական խնդիրների եւ այլնի մասին:

Դիցուք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, ոչնչով չտարբերվեց ոչ միայն Սերժ Սարգսյանից, այլեւ Արտաշես Գեղամյանից եւ Հայկ Բաբուխանյանից: «Ռուսալեզության» իսկական «մաստեր կլաս» ցուցադրեց Նիկոլ Փաշինյանը Սոչիում` խոսելով ռուսական զինվորական շքերթից ու զինատեսակներից իր տպավորության մասին:

Վստահաբար, դա դուր չեկավ հայ արեւմտամետ հատվածին, որն առանց այդ էլ «սրված» վիճակում էր Սոչի մեկնելու նախօրյակին Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հեռախոսազրույցի նրբություններից: Կարճ ժամանակ անց, երբ Արեւմուտքը վերջնականապես կհասկանա, թե ինչ է տեղի ունեցել, կամ, ավելի ճիշտ, ինչու այսքան մեծ աղմուկից հետո ոչինչ տեղի չի ունեցել Հայաստանում, մեզանում դարձյալ կակտիվանան սաքունցներն ու մնացած բոլոր գրանտակերները, որոնք այս «հեղափոխության» արդյունքում հայտնվել են խաղից դուրս վիճակում:

Ինձ զգաստացնում է նաեւ այն հանգամանքը, որ նոր կառավարությունում քիչ չեն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում ուսանած կամ այդ հաստատության հետ ինչ-ինչ առնչություններ ունեցող պաշտոնյաները:

Ի դեպ, այդ համալսարանի հետ լրջագույն համագործակցություն ունի (ուներ) նաեւ հանրահայտ Հայկ Բաբուխանյանը, որ այնտեղ «գործնական ժուռնալիստիկայի» ամբիոնի վարիչ է (էր)՝ կարծեմ: Իմ կարծիքով` այդ համալսարանում մի թեթեւ «ուսումնասիրություն» կատարելը չէր վնասի Հայաստանին, որպեսզի ավելի ճիշտ հասկանայինք Հայաստանի այսօրվա իշխանավորների շրջանում մեծ պահանջարկ վայելող այդ կրթօջախի «հոգու խորությունը»:

Ինչեւէ: Ինչպես ասում են` ունենք այն, ինչ ունենք: Ժողովուրդը համոզված է, որ ինքը հեղափոխություն է արել, հասել է իշխանափոխության եւ, առնվազն, արժանի է ավելի լավ կյանքի: Այս պահին նույնիսկ ամենափոքր դրական տեղաշարժերը կարող են լավի տպավորություն ստեղծել մարդկանց մեջ, հույսեր արթնացնել, որ վաղն ավելի լավ կարող է լինել: Եթե այս տեսանկյունից մոտենանք տեղի ունեցած իշխանափոխությանը, ապա նույնիսկ «նախկինները», որոնք դեռ մտածում են նորից գալ իշխանության, շատ ավելի լուրջ անելիքներ ունեն, քան «բայղուշությամբ» զբաղվելն է:

Այսօր պետական մտածողություն դրսեւորելու ամենաճիշտ պահն է, իսկ դա կարելի է անել միմիայն իրավիճակը ճիշտ գնահատելու եւ նոր կառավարությանն աջակցելու միջոցով: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետական կառավարման բնագավառում իրենց փորձն ու գիտելիքները ձեռք են բերել առաջին հերթին հայկական կապիտալի շնորհիվ, պարզապես իրավունք չունեն մի կողմ քաշվելու, եթե չասեմ` մի բան էլ խոչընդոտելու նոր իշխանությանը:

Նորերին անուն կպցնելը, ծաղրելը, վատ հեռանկարների մասին հեքիաթներ պատմելը, խանգարելը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Նախկիններն այդ վարքագծից պետք է հրաժարվեն օր ու ժամ առաջ, որպեսզի ժողովրդի հիշողության մեջ չմնան որպես մղձավանջ: Վերջապես աներկբա է, որ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հենց վաղը հրաժարական տա, Հայաստանում իսկական քաոս կարող է սկսվել, որովհետեւ մենք այսօր պարզապես ոչինչ չունենք որպես այլընտրանք այս՝ թեկուզ անփորձ, թեկուզ թույլ, թեկուզ ոչ պրոֆեսիոնալ կառավարությանը:

Նիկոլ Փաշինյանը Սոչիում շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին` Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի օրերին Ռուսաստանի հավասարակշիռ պահվածքի համար: Արդյոք այդ պահվածքը կլինի՞ նույնքան հավասարակշիռ, երբ Հայաստանում ռեւանշիստական դրսեւորումներ նկատվեն: Չենք կարծում, մանավանդ որ երաշխիքներ էլ չկան, որ այս անգամ արդեն Արեւմուտքը չի փորձի միջամտել:

Չլինենք վատատես: Նույն իրավիճակում ենք բոլորս եւ եթե դուրս ենք գալու այս իրավիճակից, ապա՝ միայն բոլորով: Նոր կառավարության կազմում ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայությունը, ինչպես նաեւ ՀՀԿ-ից եկող հուսադրող ազդակները թույլ են տալիս մտածել, որ մեզ, այնուամենայնիվ, կհաջողվի առանց ավելորդ ու անտեղի կորուստների հասնել ԱԺ արտահերթ ընտրությունների եւ, ի վերջո, ձեւավորել այն կառավարությունը, որը կկարողանա գործել նոր Սահմանադրությամբ երաշխավորված մեծ ուժով ու անվիճելի լեգիտիմությամբ:

ՀԳ. Միանգամայն անտեղի են այս օրերին մեր նախկին նախագահների փոխհրաձգությունները: Ամենեւին կարիք չկա վիճելու, թե իրենցից ով է լավ բանակցել Ղարաբաղի հարցով: Փաստ է` ինչպես էլ բանակցել կամ չեք բանակցել, Ղարաբաղի հարցը դեռեւս չի լուծվել, եւ այն, խոստովանենք, թե ոչ, արդեն դրվել է նոր սերնդի ուսերին: Հիմա ոչ թե պետք է որոշել` Նիկոլն է ճիշտ, թե Վիգենը, այլ այնպես անել, որ հետագայում ո՛չ Նիկոլը սխալվի, ո՛չ էլ Վիգենը, որովհետեւ մեր բոլոր նախագահները, մեր ժողովուրդը, նաեւ Նիկոլն ու Վիգենը, Ղարաբաղի հարցում նույն ճամբարում են:

Be the first to comment on "ՀԱՍՆԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՍԿ ԱՅՆՏԵՂ ԱՐԴԵՆ ԿԵՐԵՒԱ"

Leave a comment

Your email address will not be published.


*