ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՆ ՈՒ ՊԱՏԻԺՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ

ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՆ ՈՒ ՊԱՏԻԺՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ քաղաքական վենդետաներ չեն լինելու: Ազգային միասնության ամրապնդման եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորման համար սա, անշուշտ, կարեւոր հայտարարություն է, առավել եւս կարեւոր է այդ քաղաքական հայտարարությունն անսասան պահելը: Բայց…

ՀՀԿ-ն իր փաստացի իշխանության տարիների ընթացքում հասցրել է մի այնպիսի քաոսային եւ անպատժելի իրավիճակ ստեղծել երկրում, որտեղ կարող էին ոտնահարվել ցանկացած քաղաքացու իրավունքները, առանց պատասխանատվության ենթարկվելու հալածել, սնանկացնել, հաշմանդամ սարքել եւ անգամ կյանքից զրկել: Եվ համբերությունը սպառած մարդիկ ընդվզեցին ու, համախմբվելով Փաշինյանի շուրջը, տապալեցին Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Իրերի դասավորվածությունը շատ պարզ է՝ կար անարդարություն, որը բերեց ընդվզման: Բայց տրամաբանական ավարտը կարծես թե բացակայում է: Ես նկատի չունեմ հեղափոխության կամ իշխանափոխության ինստիտուցիոնալ ամրագրումը: Նկատի ունեմ այն, որ բոլոր այն արատավոր դրսեւորումները՝ սկսած անարդարությունից եւ կոռուպցիայից, որոնց մասին անընդհատ բարձրաձայնել են առանց բացառության բոլոր ընդդիմադիր քաղաքական եւ քաղաքացիական ուժերը, մի րոպեում չեն վերանալու կամ, որ ավելի անտրամաբանական է, չեն մոռացվելու: Պայքարել մի բանի դեմ, հաղթել դրան եւ մոռանալ: Դա նորմալ չեմ համարում:

Խոսքը ներողամտության մասին չէ, քաղաքականության մեջ նման եզրույթը երբեւիցե ակտուալ ու իրատեսական չի եղել, խոսքն այն մասին է, որ հաղթանակած քաղաքացին իրավունք ունի տեսնելու իր պայքարի պտուղները՝ այնպես, ինչպես որ ակնկալում է ամենապարզ գիտակցության համատեքստում․ կան մեղավորներ, նրանք այլեւս չպետք է լինեն, պետք է պատժվեն, որ ի հայտ չգան ուրիշները: Վերջ, պարոնայք: Մնացածը, թեկուզեւ ոչ պակաս կարեւոր, սրանից առաջնահերթ լինել չեն կարող հասարակ քաղաքացու համար:

Իսկ հիմա՝ ավելի կոնկրետ: Այն քաղաքական թիմը, ում վստահել ենք մեր քվեն եւ մեր երկրի զարգացումը տնօրինելու իրավունքը, պատրաստվո՞ւմ է արդյոք մանրակրկիտ աուդիտ սկսել այն ոլորտներում, որի կառավարումը հիմա ստանձնում է: Պատրաստվո՞ւմ է արդյոք հանրությանը ներկայացնել տարիներ շարունակ մեծ գումարներ ստացած, բայց չնչին գործ արած գերատեսչությունների ձախողումները՝ հանձինս նրանց ղեկավարների: Պատրաստվո՞ւմ է արդյոք պատասխանատվության կանչել այն պաշտոնյաներին, որոնց ամենատարբեր հարթակներից անընդհատ «քլնգել» են:

Դա քաղաքական վենդետա համարվել չի կարող: Դա կոչվում է պատասխանատվություն իր բառացի նշանակությամբ: Կերել ես, թալանել ես՝ պատասխան տուր: Թե չէ ի՞նչ է նշանակում՝ գողանաս, բայց պատասխանատվությունից խուսափես հրաժարական տալով: Ով ասես, կարող է նման կերպ «ղեկավարել»:

Բարոյական կողմը մի կողմ դնենք, խոսենք ուղղակի՝ քրտինքով վաստակածը կորցնելը, իրավունքի ոտնահարումը, առողջության կորուստն այնպիսի ցավ են պատճառում, որ հազիվ թե դրանց ուղղակի կամ անուղղակի մեղավորների հրաժարական տալն իրենց պաշտոններից, որը շատ դեպքերում էլ ուղեկցվում է անթաքույց ցինիզմով, լավ սպեղանի լինի:

Տասնամյակներով երկրում առկա ցանկացած խնդիր «սպիսատ» են արել բանակի հզորացման եւ հնարավոր մարտական գործողությունների վերսկսման սպառնալիքի վրա, էլ չեմ ասում միլիոնանոց վարկերն ու դրանց մսխումը: Առողջապահության ոլորտն ինքնին բուժման կարիք ունի, ազգային հարստությունը թալանվում է, ու էլի հազարումի հարց։ Կան մեղավորներ, բայց ներենք նրանց, ինչ է թե հրաժարակա՞ն են տվել: Մի քիչ ճոխ չէ՞ նրանց համար:

Կաշառակեր եւ գող պետական պաշտոնյան պետք է պատժվի․ դա անվիճելի է: Եթե մենք մեզ համարում ենք քաղաքակիրթ երկիր եւ ուզում ենք լինի օրենքի գերակայություն, դա չպետք է անենք ինչ-որ պահից սկսած կամ ինչ-որ մեկից սկսած:

Եթե բոլորը, ում քննադատել ենք, ուղղակի անպատիժ հեռանան, ապա դա հավասարազոր է անարգանքի բոլոր նրանց հանդեպ, ովքեր տուժել են: Պարոնայք, շատ հարգելի նոր իշխանություններ, ներելը քաղաքական կատեգորիա չէ, եւ եթե ներեք, վստա՞հ եք, որ կների նաեւ հասարակությունը, կամ երաշխիքներ կա՞ն, որ ձեզ դրա համար կներեն:

Be the first to comment on "ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՆ ՈՒ ՊԱՏԻԺՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*