Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 16.05.2018

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 16.05.2018
Քաղաքապետարանի եւ Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում այսօր բողոքի ակցիա է անցկացվել: Ակտիվիստները պատռել են այգին շրջապատող պաստառները՝ վերակառուցվող այգու շինհրապարակում տիրող իրավիճակը հանրությանը ցույց տալու համար:

Նշենք, որ համացանցում նախօրեին լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված է Երեւանի 2800-ամյակի այգու շինհրապարակը: Օգտատերերն ուշադրություն են հրավիրել հատված ծառերի ուղղությամբ: Քաղաքապետարանում հաստատել են, որ այգում ավելի քան 25 ծառ է հատվել, հիմնականում՝ ուռենի եւ թեղի: Գերատեսչությունում վստահեցնում են, որ դրանք փտած ծառեր են եղել, իսկ հատված ծառերի փոխարեն նոր ծառեր են տնկվելու եւ բարեկարգ այգի ենք ունենալու: Սակայն ակտիվիստները կանաչ տերեւներով ճյուղեր են հավաքել այգուց եւ քաղաքապետարան տարել:

Ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստներն ի վերջո քաղաքապետարանի շենք են մտել եւ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում պահանջել: Քաղաքապետը, սակայն, շենքում չէր: Ավելի ուշ նա քաղաքապետարան է եկել, արդեն իրեն աջակցություն հայտնելու համար հավաքված քաղաքացիների հետ հանդիպման: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե չի պատրաստվում հրաժարական տալ, նաեւ դատապարտել քաղաքապետարան ակտիվիստների ներխուժումը:

Եվս մեկ ակցիա էլ անցկացվել է Բաղրամյան պողոտայում: Վարչապետի նստավայրի մոտ հավաքված տաքսու վարորդները մասամբ փակել են պողոտայի երթեւեկությունը: Նրանք մի շարք պահանջներ ունեն. խստացնել տաքսի ծառայություն մատուցողների լիցենզավորման կարգը, որպեսզի այն տարածվի տաքսի ծառայություն մատուցող բոլոր ընկերությունների վրա, չեղարկել ճանապարհային խախտումների համար կուտակված տուգանքները: Վարորդները բողոքում են նաեւ, այսպես կոչված, «կարմիր գծերի» դեմ:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներն իրենց պահանջները ներկայացրել են տրանսպորտի նորանշանակ նախարարին: Աշոտ Հակոբյանն առաջարկել է միասնական ձեւակերպված առաջարկություններ ներկայացնել նախարարություն:

«Սասնա ծռերի» գործով փաստաբաններն այսօր իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել դատարանին: Նրանք հիմնավորել են, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել եւ այլեւ «Սասնա ծռերի» անդամներին անազատության մեջ պահելու հիմքեր չկան: Իսկ ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը կոչ է արել բոլորին փողոցներ փակել՝ այդպիսով ճնշում գործադրելով դատարանի վրա:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նշել է, որ դրանով ճնշում են գործադրում արդարադատության համակարգի վրա: Նա հայտարարել է, որ 2 ժամ անց կհրապարակի միջնորդությունների վերաբերյալ որոշումը, սակայն «Սասնա ծռերի» աջակիցներն այդ ընթացքում երկկողմանի փակել են Արշակունյաց պողոտան: Դատավորն ի վերջո մերժել է պաշտպանների միջնորդությունը, ինչից հետո Արշակունյաց պողոտան կրկին փակվել է. ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել, որ գործով ամբաստանյալներին դուրս բերեն դատարանից: Նրանք հայտարարել են, որ գիշերելու են Արշակունյաց պողոտայում, իսկ մարդկանց կոչ են արել վրաններ ու քնապարկեր բերել եւ մնալ իրենց հետ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը որոշել է անվավեր ճանաչել Ազգային ժողովի մի շարք պատգամավորների մանդատները: ԿԸՀ որոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն պատգամավորական մանդատ է ստացել Ալեն Սիմոնյանը: «Ելք» խմբակցության մանդատներ են ստացել նաեւ Հովիկ Աղազարյանը, Հրաչյա Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը: ՀՀԿ խմբակցությունում Գրիգոր Ավալյանի փոխարեն էլ մանդատ է ստացել Հակոբ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցությունում Աղվան Վարդանյանի փոխարեն պատգամավոր է դարձել Ռուզան Առաքելյանը:

ԵԽԽՎ-ն որոշել է սառեցնել կառույցում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի մանդատը: Որոշումը կայացրել է Բաքվի նկատմամբ հետաքննություն անցկացնող անկախ հանձնաժողովը: Պատժամիջոցների կենթարկվեն նաեւ Սեզարա Ֆլորինա Պրեդան, Պեդրո Ագրամունտը եւ Ջորջ Խուջլան: Պատժամիջոցներն Ագրամունտին արգելում է մասնակցել դիտորդական առաքելությունների եւ 10 տարվա ընթացքում զեկուցողի պաշտոն զբաղեցնել: Սեիդովի, Պրեդայի եւ Խուջլայի նկատմամբ նման արգելք է սահմանվել 2 տարով: Սակայն հանձնաժողովի որոշումը վերջնական չէ: Սպասվում է, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կտարածվի:

Դոլարի արժեզրկումը շարունակվում է, եվրոն էժանացել է միանգամից 7 դրամով: Մայիսի 16-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 571, ռուբլունը՝ 7 դրամ 74 լումա, ֆունտինը՝ 651 դրամ:

Մայիսի 17-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Be the first to comment on "Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 16.05.2018"

Leave a comment

Your email address will not be published.


*