Չինաստանի առևտրատնտեսական հարաբերություններն Արևելյան գործընկերության երկրների հետ

Չինաստանի առևտրատնտեսական հարաբերություններն Արևելյան գործընկերության երկրների հետ
Աշոտ Եղիազարյան

Տնտեսագիտության դոկտոր, ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ

Չինաստանի գլոբալ հավակնությունների դրսևորումներից մեկը «նոր մետաքսի ճանապարհի» աշխարհաքաղաքականությունն է: Այլ կերպ այն անվանվում է Մեկ գոտի — Մեկ Ճանապարհ և ընդգրկում է «Մետաքսի ճանապարհ, տնտեսական գոտի» (SREB) և «21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհ» նախաձեռնությունները, որոնք ընդգրկում են ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային միջանցքներ՝ ներառելով 60 պետություններ, ավելի քան 4.4 մլրդ բնակչություն և գլոբալ ՀՆԱ-ի 40 տոկոսը:

Այս նախաձեռնությունները նպաստում են Չինաստանի արտաքին քաղաքականության չորս հիմնական խնդիրների լուծմանը. 1) սեփական ծայրամասի հանդարտեցմանը (տնտեսական զարգացման և ահաբեկչության դեմ պայքարի միջոցով), 2) բարձր տնտեսական աճի աջակցությանը (արտաքին շուկաների ապահովման ճանապարհով), 3) ներքին կարգի պահպանմանը և իր միջազգային կարգավիճակի ամրապնդմանը: Միաժամանակ, այս նախաձեռնությունները տարբեր աստիճանով առնչվում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և ճանապարհի երկայնքով ընկած երկրների շահերին:

Առևտրի ընդլայնումը Չինաստանի և ԵՄ-ի միջև համարվում է SREB շարժիչ ուժը: 2016թ. ԵՄ-ը Չինաստանից ներմուծել է 344.6 մրդ եվրո և արտահանել է Չինաստան 170.1 մլրդ եվրո արժողությամբ ապրանքներ: Հատկանշական է, որ 2002թ. ԵՄ-Չինաստան ապրանքաշրջանառությունը կազմում էր ընդամենը 93 մլրդ դոլար: Դա հանգեցրել է առևտրի ծավալների հետագա աճի մտայնության ձևավորմանը՝ ցամաքային ենթակառուցվածքների բարելավման դեպքում: Ասիան Եվրոպային միացնող գաղափարի ծնունդ է դեռ 1993թ. առաջ քաշված եվրոպական TRACECA նախագիծը: SREB-ը և ТРАСЕКА-ն ինչ-որ առումով փոխլրացնում են միմյանց:

Չինաստանի իշխանությունները SREB-ը փորձել են ներկայացնել որպես տնտեսական, այլ ոչ թե աշխարհաքաղաքական պարտավորություն, և պաշտոնական հաղորդագրություններում այն սովորաբար հիշատակվում է որպես “Նախաձեռնություն”, այլ ոչ թե “Ռազմավարություն”: Սակայն նախաձեռնության աշխարհաքաղաքական հետևանքներն ակնհայտ են: Ավելին, այդ ամբողջ գոտու երկայնքով սեփական շահերը պաշտպանելու համար Չինաստանին անհրաժեշտ են նաև անվտանգության երաշխիքներ: Հետևաբար, երկարաժամկետում Պեկինը կկանգնի անվտանգության ոլորտում ներկա լինելու հրամայականի առջև: Հարկ է նկատել, որ տարածաշրջանում ազդեցության համար պայքարում Պեկինն ունի հատուկ առավելություններ: Եթե արևմտյան ներդրումները կատարվում են շուկայական վերափոխումների, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հաշվառմամբ, իսկ ռուսականը՝ քաղաքական պայմաններով, ապա Չինաստանի զարգացման նախաձեռնություններն այդպիսի պայմաններ չունեն:

ՎՐԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ

Չինաստանի հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ պայմանավորված է նախ և առաջ նոր մետաքսի ճանապարհի վրա վերջինիս ռազմավարական դիրքով, որն ապահովում է ելք Սև ծով և ցամաքային կոմունիկացիաներով կապ Թուրքիայի հետ: Վրացական Անակլիայում նոր խորջրյա, 2.5 մլրդ դոլար արժողությամբ և 100 մլն տոննա թողունակությամբ նավահանգստի կառուցումը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս նոր կառուցված երկաթգիծն ավելի են մեծացնում Վրաստանի տարանցիկ աշխարհագրական դիրքի նշանակությունը: Հատկանշական է, որ նոր մետաքսի ճանապարհի նախաձեռնության շրջանակներում Չինաստանը փորձում է ստեղծել տարբեր և համընդգրկուն տրանսպորտային միջանցքներ, որոնք չեն հակադրվում և լրացնում են ենթակառուցվածքների ոլորտում գոյություն ունեցող նախաձեռնությունները՝ այդ կերպ փոքրացնելով Չինաստանի ֆինանսական բեռը:

Չինաստանի համար կարևոր են ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Վրաստանի առանձնահատուկ հարաբերությունները: ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները Թրամփի վարչակարգի օրոք որոշակի տեղաշարժեր են կրում, ինչը չի կարող շրջանցել նաև տարածաշրջանում Չինաստանի քաղաքականության կոնկրետ դրսևորումները: Վրաստանն ազատ առևտրի համաձայնագիր ունի ԵՄ-ի, ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտեյնշտեյն), Ռուսաստանի, ԱՊՀ այլ երկրների և Թուրքիայի հետ, ինչպես նաև արտոնյալ մուտք՝ ԱՄՆ, Կանադայի և Ճապոնիայի շուկաներ: Նշված բոլոր համաձայնագրերի արդյունքում Վրաստանն ազատ առևտրի մուտք ունի գրեթե 800 միլիոնանոց շուկա:

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Չինաստանի հետ կնքված Ազատ առևտրի համաձայնագիրը (Համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. մայիսին): Արևելյան գործընկերության երկրներից Վրաստանը միակն է, որի հետ Չինաստանը ստորագրել է այդպիսի համաձայնագիր: 2016թ. արդյունքներով Չինաստանը Վրաստանի մեծությամբ երրորդ առևտրային գործընկերն է: Երկկողմ առևտուրը զարգացել է հատկապես 2010թ.-ից սկսած, երբ վրացական տնտեսությունը վերականգնվեց Ռուսաստանի հետ պատերազմից հետո: Վրաստանի արտահանումը Չինաստան աճել է 2009թ. 6 մլն դոլարից մինչև 170 մլն դոլար՝ 2016թ., ինչը կազմում է Վրաստանի արտահանման 8 տոկոսը: Նույն ժամանակաշրջանում Չինաստանի արտահանումը Վրաստան աճել է 175 մլն դոլարից մինչև 548 մլն դոլար: Վրաստանի արտահանման մեջ գերիշխում են հանքահումքը, ներառյալ պղնձի հումքը և խտանյութը: Չինաստանը դարձել է մեծությամբ երկրորդ շուկան (Ռուսաստանից հետո) վրացական գինիների արտահանման համար: 2016թ. Չինաստան է արտահանվել մոտ 5,299,820 շիշ գինի, գրեթե կրկնակի ավել նախորդ տարվա համեմատությամբ: Չինաստանից Վրաստան ներմուծումն ընդգրկում է շուրջ 1000 տարբեր կատեգորիայի ապրանքներ: Առավել մեծ բաժին ընկնում է տվյալների ավտոմատ մշակման մեքենաների, հեռախոսների և կահույքի խմբերին:

Չինաստանի հետ կնքած Ազատ առևտրի համաձայնագրի համաձայն՝ Վրաստանը մաքսատուրքերից ազատել է չինական ապրանքատեսակների 95.6%-ը, իսկ Չինաստանը մաքսատուրքերից ազատել է վրացական արտահանվող ապրանքատեսակների 91%-ը: Առևտրի ազատականացումը թույլ կտա ընդլայնել վրացական արտահանողների հնարավորությունները՝ առանց երկիրն էժան սպառողական ապրանքներով ողողման ռիսկի: Ըստ գոյություն ունեցող գնահատականների՝ ավելի շատ օգուտ են ստանալու ոչ թե չինական, այլ վրացական արտահանողները, որոնց համար կբացվեն չինական սպառողական շուկաները, մասնավորապես՝ գինու և ոչ ալկոհոլային խմիչքների համար: Ենթադրվում է, որ Չինաստանի հետ Ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կհանգեցնի Վրաստանից Չինաստան արտահանման ավելացմանը մոտավորապես 9%-ով, մասնավորապես գինիների արտահանումը (28.5%) և ոչ ալկոհոլային խմիչքներինը (36.7%):

Վրաստանում չինական ներդրումների առյուծի բաժինն ընկնում է Hualing ֆիրմային (498 մլն դոլար): Ընկերությունն իր ներդրումների մեծ մասը կատարել է 2012-2015թթ. ընթացքում: Խումբը ներդրումներ է կատարել 7 հիմնական նախագծերում` միջազգային արդյունաբերական գոտի (310 մլն), բանկային սեկտոր (70 մլն), փայտի վերամշակում (52 մլն), Քութայիսիի ազատ արդյունաբերական գոտի (43 մլն), շինարարություն (10 մլն), մարմարի հանքավայր (7 մլն), հանքային ռեսուրսներ (6 մլն):

Ինստիտուցիոնալ առավելությունները և հարկային արտոնությունները մասնավոր չինական ընկերություններին ներգրավել են վրացական ազատ արդյունաբերական գոտիներ, որտեղ արտադրվող ապրանքները կարող են արտահանվել ԵՄ շուկաներ: 2017թ. հունվարին China Energy Company Limited (CEFC) գնել է Փոթիի ազատ արդյունաբերական գոտու բաժնետոմսերի 75 տոկոսը, որը մինչ այդ պատկանել է Արաբական Միացյալ Էմիրաթների RAKIA Georgia Free Industrial Zone LLC ընկերությանը:

Չինական ներդրողներն ակտիվ են ՀԷԿ-երի կառուցման գործում: 2004թ. չինական ներդրումների շնորհիվ Արևելյան Վրաստանում (Կախեթի) շահագործման հանձնվեց «Խադորի» ՀԷԿ-ը (ներդրումների ծավալը 30 մլն դոլար): Ներկայումս Քուռ գետի վրա Sichuan Electric Power Import&Export Corporation-ի կողմից պլանավորվում է կառուցել 15 փոքր ՀԷԿ: Նախագծի արժեքը գնահատվում է 620 մլն դոլար:

Երկու երկրների համագործակցության հիմնական ուղղություններից են տրանսպորտային և կոմունիկացիոն ճյուղերը: Ենթակառուցվածքների շինարարության նախագծեր են առաջ քաշվել չինական Sinohydro Corporation և China Railway 23rd Bureau Group Co., Ltd ընկերությունների կողմից: Դրանցից առաջինը Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Rikoti թունելի վերականգնումն է (19,8 մլն եվրո), երկրորդը՝ աջարական շրջանցիկ ճանապարհի շինարարությունն է, որը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից (48 մլն եվրո), երրորդը՝ Թբիլիսին շրջանցող երկաթգծի կառուցումն է, որը ֆինանսավորվում է համատեղ ԵԶՎԲ-ի և ԵՆԲ-ի կողմից (350 մլն եվրո է): 2015թ. հունիսի 15-ին Վրաստանը ստորագրել է պայմանագիր Չինաստանի գլխավորությամբ գործող Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի /AIIB/ հետ, որպեսզի վերջինս 114 մլն դոլար տրամադրի Բաթումը շրջանցող ավտոճանապարհի կառուցումը ֆինանսավորելու համար:

Մետաքսի ճանապարհի ծրագրի շրջանակներում Վրաստանն ակնկալում է զբոսաշրջության զարգացում: Ներկայումս գործում է Պեկին-Թբիլիսի ուղիղ չվերթը: Հեռահաղորդակցության ոլորտում ակտիվ են բջջային կապի ծառայությունների տրամադրմամբ մասնագիտացված չինական ZTE Corporation-ը և HUAWEI Technology Co., Ltd-ն: Չինական ներդրողները հետաքրքրություններ ունեն գինու և տոմատի արտադրությունների ոլորտներում: Ըստ որոշ գնահատականների՝ առաջիկա տարիներին չինական ներդրումները Վրաստանում կհասնեն 1.7 մլրդ դոլարի: Չինաստանը Վրաստանին տրամադրում է նաև դրամաշնորհներ, այդ թվում՝ բժշկական ենթակառուցվածքի բարելավման համար:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ

Հայաստանը Չինաստանի հետ կնքել է բազմաթիվ համաձայնագրեր առևտրի, ներդրումների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Տարեցտարի աճում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը: Եթե 1990-ական թվականներին փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալն ընդամենը մի քանի միլիոն դոլարի էր հասնում, ապա ներկայումս Չինաստանը Հայաստանի խոշոր առևտրային գործընկերն է Ռուսաստանից հետո: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017թ. ընթացքում Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 9.4%: 2017թ. արդյունքներով Չինաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 604.5 մլն դոլար (աճի տեմպը 33%), որից արտահանումը՝ 123.8 մլն դոլար (աճի տեմպը 28.4%), ներմուծումը՝ 480.7 մլն դոլար (աճի տեմպը 34.6%), առևտրային հաշվեկշիռը՝ — 356.9 մլն դոլոր: Չինաստան արտահանման առյուծի բաժինն ընկնում է հանքահումքային արտադրանքին (պղինձ, թանկարժեք մետաղներ): Չինաստանից ներմուծումը բնութագրվում է բազմազանությամբ (շուրջ 900 անվանում), ներառում է էլեկտրոնիկա, հագուստ, կոշիկ, մեքենաներ, սարքավորումներ, քիմիական արտադրանք, շինարարական նյութեր, կահույք, սննդամթերք և այլն: Երկու երկրներում գործում են առևտրային ներկայացուցչություններ: Որոշ գնահատականների համաձայն՝ Հայաստանն ունի դեպի Չինաստան կոնյակ, գինի, մեղր և սննդամթերք արտահանելու ներուժ:

Չինական ներդրումները Հայաստանում չնչին են՝ շուրջ 542.4 մլն դրամ 2017թ. հունիսի վերջի դրությամբ: Չինական ընկերությունները հետաքրքրություններ ունեն դեղերի, սննդամթերքի, խմիչքների, ջրերի, տեքստիլի, կենցաղային տեխնիկայի և ռեստորանային շուկաներում, ինչպես նաև Հայաստանի մետաղական և երկաթի հանքերի նկատմամբ: Շանսի շրջանում Հայաստանից ձեռք բերված տեխնոլոգիաների հիմքի վրա կառուցվել է սինթետիկ կաուչուկի համատեղ գործարան: Հայաստանին պատկանում է բաժնետոմսերի շուրջ 40 տոկոսը: Գործարանի տարեկան հզորությունը հասնում է 30.000 տոննայի, շինարարության արժեքը 220 մլն դոլար է, իսկ ստացվող եկամուտը գնահատվում է 100 մլն դոլար: Չինական ընկերությունները վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ են իրականացրել խորհրդային շրջանում կառուցված Հրազդանի ջերմաէլեկտրակայանում:

Տեսականորեն Հայաստանը ևս իր հատուկ տեղը կարող է ունենալ չինական «Մետաքսի ճանապարհ, տնտեսական գոտի» նախագծում, որի շրջանակներում քննարկվում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի հարցը: Բանակցություններ են տարվում Հայաստան-Չինաստան ուղիղ ավիացիոն չվերթների իրականացման ուղղությամբ:

Ակնհայտ է, որ Հայաստանի հետ Չինաստանի համագործակցությունն ընդլայնվում է, ընդ որում, այն սահմանափակված չէ միայն առևտրով և ներդրումներով: Դեռ 1999թ. ԶԼՄ-երը հաղորդեցին, որ Չինաստանը համաձայնել է Հայաստանին տրամադրել 8 «Թայֆուն» տեսակի հրթիռային համակարգեր: 2016թ. Հայաստանն ընդունվեց որպես ՇՀԿ-ի հետ երկխոսության գործընկեր: Երևանում գործում է Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղը, կառուցվում է չինարենի ուսուցման դպրոց և ուսանողական հանրակացարան: Հայաստանում Չինաստանի հավակնությունների մասին է խոսում Երևանում չինական նոր դեսպանատան կառուցումը, որն ավարտից հետո կլինի մեծությամբ երկրորդը հետխորհրդային տարածքում:

ԱԴՐԲԵՋԱՆ- ՉԻՆԱՍՏԱՆ

Ադրբեջանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2016թ. արդյունքներով կազմել է ավելի քան 1 մլրդ դոլար, այդ թվում արտահանումը՝ 271.51 (9-րդ տեղը), ներմուծումը՝ 741.19 (երրորդ տեղը) մլն դոլար: Վերջին տարիներին այն աճել է երկնիշ ցուցանիշով: Եթե առևտրի նման տեմպերը պահպանվեն, Չինաստանը կդառնա Ադրբեջանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը: Այդ հարցում Չինաստանը ներկայումս զիջում է Արևմուտքին, Ռուսաստանին և Թուրքիային: Ադրբեջանը ձգտում է գինիներ արտահանել Չինաստան, որտեղ դրա ներմուծումը մեծ տեմպերով աճում է 2015 թվականից սկսած: Ներկայումս Չինաստանի շուկայում գերիշխում են ֆրանսիական (40 տոկոս), ավստրալական, չիլիական, իսպանական, իտալական և ամերիկյան գինիները: Ադրբեջանն ակնկալում է դուրս գալ գինիների ներմուծման երրորդ մակարդակ (միջին գնային սեգմենտ): 2016թ. ադրբեջանական ընկերությունները Չինաստան են արտահանել 500.000 շիշ գինի: Ադրբեջանը մտադիր է նաև մեղր արտահանել Չինաստան:

Ադրբեջանում աշխատում են շուրջ 7 տասնյակ չինական ընկերություններ, գլխավորապես նավթաքիմիական արդյունաբերությունում և ենթակառուցվածքների ոլորտում: Չինաստանը և Ադրբեջանը կառուցում են ազատ առևտրի ինդուստրիալ պարկ Բաքվի Ղարադաղի շրջանում, որը կներառի էներգետիկայի, լոգիստիկայի, արտադրության, ժամանակակից գյուղատնտեսության և ֆինանսական ծառայությունների քլաստերները: Նախատեսվում են շուրջ 700 մլն դոլար ընդհանուր ծավալով ներդրումներ:

Չինաստանին հետաքրքրում է Ադրբեջանի էներգետիկ սեկտորը: Սակայն Չինաստանն ավելի ուշ մուտք գործեց ադրբեջանական նավթագազային սեկտոր, որտեղ գերիշխող դիրքեր ունեն արևմտյան ընկերությունները: 2010թ. չինական էներգետիկ հսկա Sinopecը-ը ցանկություն հայտնեց ձեռք բերել «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերի բլոկի շահագործումը կառավարող միջազգային կոնսորցիումում ամերիկյան Devon Energy ընկերության ունեցած 5,6% բաժնետոմսերը: Սակայն դա նրան չհաջողվեց, այդ փաթեթը բաժին հասավ բրիտանական BP ընկերությանը: Այնուամենայնիվ, չինական ընկերությունները ներկա են որոշ փոքր և հին հանքավայրերում: Sinopec-ի ներդրումների ընդհանուր ծավալն ադրբեջանական երկու նախագծերում (K&K և Գոբուստան) կազմում է 250 մլն դոլար: Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկը 600 մլն դոլարի վարկ է տրամադրել Ադրբեջանից դեպի Թուրքիա և Հարավային Եվրոպա գազամուղի կառուցման համար: Բանկի հիմնական բաժնետերը Չինաստանն է, իսկ գազամուղը ԵՄ Հարավային գազային միջանցք նախաձեռնության մաս է: Չինաստանի ազգային նավթային կորպորացիան (CNPC) պլանավորում է ներդրումներ կատարել Ադրբեջանի նավթաքիմիական արդյունաբերությունում: Չինական ազգային էլեկտրատեխնիկական CNEEC ընկերությունը վերականգնման և արդիականացման աշխատանքներ է իրականացնում խորհրդային ժամանակներում կառուցված ադրբեջանական ամենախոշոր ջերմաէլեկտրակայանի էներգաբլոկներում և Մինգեչաուրի ՀԷԿ-ում:

Երկու երկրների համագործակցության ընդլայնման ներուժ ունեցող ոլորտներից են զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը: Գոյություն ունի ուղիղ չվերթ Բաքվի և Ուրումչանի (Արևմտյան Չինաստան) միջև, ինչպես նաև 2016թ. սկսած պարզեցված վիզային ռեժիմ չինացի զբոսաշրջիկների համար: Կոնֆուցիոսի ինստիտուտն իր մասնաճյուղը Բաքվում բացել է 2011թ.: Ադրբեջանը չինական ներդրումներ է ակնկալում իր մետաքսի, թեյի և բամբակի արտադրություններում: Կան պլաններ՝ կապված Ադրբեջանում բամբակի վերամշակման գործարան կառուցելու հետ:

Ադրբեջանը դրական է արձագանքել SREB նախաձեռնությանը: Բաքուն Կասպիցի ափին կառուցել է Ալյաթի նավահանգիստը՝ «Կասպիցի թանկարժեք քարը», որն ընդգրկում է միջազգային լոգիստիկ կենտրոնը և ազատ տնտեսական գոտին: Այն կարող է սպասարկել 10 մլն տոննա բեռնահոսքեր և 40.000 կոնտեյներներ (հետագայում թողունակությունը կարղ է հասցվել 25 մլն տոննայի և 1 մլն կոնտեյներների): Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր օղակ է Մետաքսի ճանապարհի վրա: Սպասվում է, որ սկզբնական շրջանում երկաթուղով հնարավոր կլինի տեղափոխել տարեկան մեկ միլիոն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ, իսկ հետագայում՝ մինչև 17 մլն տոննա բեռ: Այդ նախագիծը, որն ԱՄՆ-ը և ԵՄ-ը չֆինանսավորեցին, քանի որ այն շրջանցում էր Հայաստանը, իրականացվեց հիմնականում Ադրբեջանի նավթային ֆոնդից հատկացված 1 մլրդ դոլարի միջոցներով:

ՈՒԿՐԱԻՆԱ- ՉԻՆԱՍՏԱՆ

Ուկրաինան Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը, իսկ այժմ նաև Չինաստանը ներառող աշխարհաքաղաքական շահերի սարդոստայնի կապող օղակ է: Ուկրաինան, չնայած Ռուսաստանի հետ ունեցած հակամարտությանը, մեծ հետաքրքրություն ունի Չինաստանի համար:

2017թ. Ուկրաինա-Չինաստան առևտրաշրջանառությունը կազմել է 7.68 մլրդ դոլար: Այդ ցուցանիշով Չինաստանն Ուկրաինայի երրորդ խոշոր առևտրային գործընկերն է՝ ԵՄ-ից և Ռուսաստանից հետո: Չինաստան արտահանվում է հիմնականում հանքահումք (գլխավորապես երկաթ, տիտան, ցիրկոն), գազատուրբիններ, կենդանական և բուսական ծագման յուղեր, հյութեր, հրուշակեղեն, մանկական սնունդ, ալկոհոլ, գարի, եգիպտացորեն: Ուկրաինան 2014 թվականից դարձել է Չինաստան եգիպտացորենի հիմնական մատակարարը՝ այդ շուկայից դուրս մղելով ԱՄՆ-ին: Չինաստանից ներմուծվում են հիմնականում մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ, մետաղներ, տեքստիլ, կոշիկ, հագուստ, ռետինա-տեխնիկական արտադրանք: Պեկինը Կիևին առաջարկում է ստորագրել Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր:

The American Enterprise Institute -ի և The Heritage Foundation-ի տվյալներով՝ չինական ընկերություններն ուկրաինական բիզնեսում ներդրել են 7,36 մլրդ դոլար, որի կեսից ավելին (4,3 մլրդ դոլար)՝ էներգետիկայի ճյուղում: Որոշ գնահատականներով՝ առաջիկա մի քանի տարիներին Չինաստանն Ուկրաինայում կներդնի 8-12 մլդ դոլար: 2019թ. կհայտարարվի Չինաստանի տարի Ուկրաինայում:

2016թ. վերջին չինական CNBM ընկերությունն ավարտեց ընդհանուր 267 ՄգՎտ հզորությամբ 10 խոշոր արևային էլեկտրակայանների սեփականության ձևակերպումը: Ընդհանուր առմամբ, այդ ոլորտում իրականացվել են 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումներ՝ այդ թվում ապրանքային վարկերի տեսքով: Այդ կայանների կապիտալում չինական կողմն ավելի քան 168 մլն դոլարի չափով մասնակցության իրավունք է ձեռք բերել:

Չինաստանը հետաքրքրված է Ուկրաինայի գյուղատնտեսության և սննդի արտադրության ոլորտներով: Չինական ներդրողները մտադիր են գնել ագրոպարենային ձեռնարկություններ, հույս ունեն իրենց տնօրինության տակ ունենալ գծային և նավահանգստային էլեվատորներ, ջաղացներ, համակցված կերերի և ձավարեղենի գործարաններ: Չինացիների կողմից վարձակալվել են 3 մլն հա սևահողեր՝ հացահատիկային մշակաբույսերի աճեցման և մսամթերքի (հիմնականում խոզի մսի) արտադրության համար:

Չինաստանը շահագրգռված է ավելցուկային արտադրական հզորությունները երկրից Ուկրաինա տեղափոխելու հարցում: Չինաստանում փակվող այդ արտադրությունները տեխնոլոգիապես ավելի ժամանակակից են, քան ուկրաինականները: Բացի այդ Ուկրաինայում միջին աշխատավարձը մոտ երկու անգամ ցածր է, քան Չինաստանում: Վերջապես, Ուկրաինան ազատ առևտրի ռեժիմ ունի ԵՄ-ի հետ: Այս ամենը մեծացնում են Ուկրաինայի նկատմամբ Պեկինի հետաքրքրությունները:

Պեկինին հետաքրքրում է ատոմային էներգետիկայի ուկրաինական փորձը՝ միջուկային ռեակտորները շահագործումից հանելու առումով: Չինաստանում պլանավորում են կառուցել նոր ռեակտորներ և շահագործումից հանել հները: Չինաստանն Ուկրաինայի հետ համագործակցում է ավիաշինության ոլորտում: Ուկրաինայից գնվում են ԽՍՀՄ-ից բաժին հասած տեխնոլոգիաների մնացորդները: An-225 Mriya ինքնաթիռի տեխնիկական փաստաթղթերն ամբողջությամբ վաճառվել են չինական Chinaairspace-ին: Պատահական չէ, որ չինական նոր տրանպորտային ինքնաթիռը հիշեցնում է ուկրաինականի դիզայնը: Ավելին, նախատեսվում է, որ չինական կողմը պահեստամասերի արտադրության հարցում կհամագործակցի «Անտոնով» ավիացիոն ընկերության հետ, որը խզել է բոլոր կապերը ռուսական մատակարարների հետ:

Կիևն ակնկալում է չինական ներդրումների ակտիվացում IT ոլորտում: 2015թ. վերջին «Ukrtelecom»-ը պայմանագիր ստորագրեց չինական China Development Bank (CDB) և Huawei արտադրողի հետ, որը հանդես եկավ որպես ուկրաինական օպերատորի գլխավոր գործընկեր՝ հին պղնձե հեռախոսային ցանցերի և ինտերնետի արդիականացման գործով: Ըստ էության, չինացիներին է պատկանում ընկերության ակտիվների կեսը:

Չինական ապրանքային բորսան ձեռք է բերել ուկրաինական Վերակառուցման և զարգացման բանկը: 2005-2014թթ. Ուկրաինայում ներդրումներ են կատարել չինական Hubei Changy ang Hongxin–ը, որը մասնագիտանում է մանգանի արդյունահանման և վաճառքի գործում /160 մլն դոլար/, Sinoma-ն, որը զբաղվում է ցեմենտի արտադրությամբ /210 մլն դոլար/: Օրինակների շարքը կարելի է շարունակել:

Չինաստանն Ուկրաինային, ըստ էության, ներառել է նոր մետաքսի ճանապարհում 2017թ. հոկտեմբերի 31-ին, երբ հայտնի դարձավ, որ չինական կողմն արդեն համաձայնեցրել է Ուկրաինայի տարածքով դեպի Լեհաստան և Հունգարիա գնացքների երթուղիները: Առայժմ խոսքը միայն տարանցման մասին է: Հաջորդ փուլը կլինի ուկրաինական ապրանքների մատակարարումը Չինաստան: Այս համատեքստում ենթադրվում է, որ չինական ներդրողներն ակտիվ մասնակցություն կունենան ենթակառուցվածքների ոլորտում մասնավորեցման և նախագծերի իրականացման գործում՝ ավտոճանապարհների կառուցում, նավահանգիստների հնարավորությունների մեծացում:

Երկու երկրների միջև ակտիվորեն ընդլայնվում է ռազմատեխնիկական համագործակցությունը: Չինաստանն Ուկրաինային այլընտրանքային է դիտարկում Ռուսաստանին` զենքի գնման ոլորտում: Չինաստանի սեփական զենքը, որպես կանոն, խորհրդային համակարգերի արդիականացված տարբերակներն են, ինչը նշանակում է, որ այն հիմնվում է խորհրդային արտադրության, հիմնականում ռուսական և ուկրաինական բաղադրիչների վրա: 2016թ. արդյունքներով՝ Ուկրաիան Չինաստանին զենքի երրորդ մատակարարն է Ռուսաստանից (643 մլն դոլար) և Ֆրանսիայից (137 մլն դոլար) հետո: 2016թ. Չինաստանն Ուկրաինայից ձեռք է բերել 90 մլն դոլարի ռազմական տեխնիկա: Վերջին տարիներին Ուկրաինան Չինաստանին մատակարարել է տանկերի շարժիչներ, ինքնաթիռների տուրբոօդափոխիչներ և այլ ռազմական սարքավորումներ: Բացի կոմպլեկտավորողներից, Չինաստանն Ուկրաինայից գնում է նաև ուկրաինական զենքի համակարգեր՝ դեսանտային նավեր, տանկերներ լիցքավորող Իլ-78Մ ինքնաթիռ և այլն:

Համագործակցությունը զարգանում է նաև այլ ոլորտներում: Ուկրաինայում գոյություն ունի Կոնֆուցիոսի հինգ ինստիտուտ:

ՄՈԼԴՈՎԱ- ՉԻՆԱՍՏԱՆ

Չինաստան-Մոլդովա առևտրաշրջանառությունը համեմատաբար փոքր է, շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը երկար տարիներ չի գերազանցել 1-2 մլն դոլարը: Սակայն վերջին տարիներին այն որոշակի աճ է գրանցել: 2017թ. արդյունքներով մոլդովական արտահանումը Չինաստան կազմել է 19 մլն դոլար: Չինաստանից ներմուծման ծավալները բավականաչափ մեծ են եղել՝ մի քանի հարյուր միլիոն դոլար: Ներմուծման աճի տեմպերը նույնպես բարձր են վերջին տարիներին: 2017թ. արդյունքներով՝ Չինաստանից ներմուծման ծավալը կազմել է 505.4 մլն դոլար (ընդհանուր ներմուծման 10.46%-ը): Այդ ցուցանիշով Չինաստանը չորրորդն է Ռումինիայից (14.38%), Ռուսաստանից (11.83%) և Ուկրաինայից (10.58%) հետո: Չինաստանը պատրաստվում է ազատ առևտրի երկկողմանի համաձայնագիր կնքել Մոլդովայի հետ: Մոլդովան Չինաստան է արտահանում հիմնականում գինիներ, իսկ ներմուծում է լայն սպառման ապրանքներ: 2017թ. կողմերը ստորագրել են հուշագիր երկու երկրների միջև ազատ առևտրի տեխնիկա-տնտեսական հիմնավորման ավարտման փոխըմբռնման մասին:

Մոլդովայում չինական ներդրումների վերաբերյալ պաշտոնական հրապարակային տվյալներ չկան: Չինաստանի հավակնոտ ծրագրերը մետաքսի ճանապարհի նախաձեռնության շրջանակներում չեն կարող շրջանցել Մոլդովան: Վերջինս սահմանակից է Ուկրաինային և Ռումինիային (վերջինիս հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ), ձգտում է դառնալ ԵՄ անդամ, որի հետ 2014թ. ստորագրել է Ասոցացման համաձայնագիր: Քիշինևը կնքած ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԵՄ-ի, ազատ առևտրի կենտրոնա-եվրոպական համաձայնագրի երկրների (Ալբանիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո), Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ, որոնք միասին ներկայացնում են շուրջ 880 մլն բնակչությամբ շուկա: Բանակցություններ են ընթանում Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու ուղղությամբ: Այդ ամենը երկիրը գրավիչ են դարձնում չինական ներդրումների համար: Ներդրումներ կատարելով մոլդովական տրանսպորտային և արտադրական ենթակառուցվածքներում՝ Չինաստանը կարող է նշված շուկաներ դուրս գալու լայն հնարավորություններ ստեղծել:

Մոլդովան ագրարային երկիր է: ՀՆԱ-ի 20%-ն ապահովում է գյուղատնտեսությունը: Միաժամանակ երկիրը մեծ կախվածություն (տնտեսության 1/3-ի չափով) ունի աշխատանքային միգրանտների մասնավոր փոխանցումներից: Մոլդովայի միջոցով ապրանքների արտահանումը ԵՄ զգալիորեն կկրճատի Չինաստանի տրանսպորտային ծախսերը: Չինացի ներդրողները պատրաստ են ներդրումներ կատարել ինչպես ենթակառուցվածքներում (ավտոմայրուղիների շինարարություն), այնպես էլ գյուղատնտեսության, գինեգործության և տեքստիլ արդյունաբերության ոլորտներում: Տեքստիլն այն ոլորտն է, որտեղ Մոլդովան մնում է մրցունակ Եվրոպայում և տարածաշրջանային շուկաներում: Եվ իհարկե, տեքստիլն այն ոլորտն է, որտեղ չինացի ներդրողները հիմնական խաղացողներն են աշխարհում: Համեմատաբար ցածր աշխատավարձը Մոլդովայում արդեն ներգրավել է տեքստիլի մի շարք եվրոպական արտադրողների: Նրանցից մի քանիսը Ռումինիայից են, որտեղ աշխատավարձը բարձրացել է, ինչը ներդրումների համար գրավիչ է դարձրել Մոլդովան:

Չինական ներդրումների մյուս պոտենցիալ ոլորտն էներգետիկան է: Ներկայումս Մոլդովայի էներգետիկան գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից: Ռուսաստանը գազի հիմնական մատակարարն է, իսկ էլեկտրաէներգիայի 80 տոկոսն ապահովող Կուչուրգանի ՀԷԿ-ը գտնվում է Մեձդնեստրում, որը վերահսկվում է Մոսկվայի կողմից: 2016թ. Քիշինևն ակտիվ բանակցություններ վարեց Չինաստանի Ազգային միջուկային էներգետիկայի ընկերության (NNPC) հետ՝ Մոլդովայում էլեկտրաէներգիայի արտադրության նոր նախագծեր իրականացնելու համար: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ NNPC-ն ցանկանում է ներդրումներ կատարել քամու, արևի և էներգիայի վերականգնվող աղբյուրներում: Այդ նպատակով նախատեսվում է կառուցել ինդուստրիալ պարկ: Որոշ տեղեկություններով՝ բանակցություններում շոշափվել են նաև ատոմային էլեկտրակայանի կառուցմանն առնչվող հարցեր: Ընդ որում, NNPC-ն պատրաստ է ֆինանսավորել ատոմային էլեկտրակայանի կառուցումը, ինչպես նաև իր վրա վերցնել շինարարության տեխնիկա-տնտեսական հիմնավորման ծախսերը: Հարևան Ռումինիայում, որի հետ Մոլդովան ունի մշակութային և էթնիկ ընդհանրություն, NNPC-ը դեռ 2014թ. համաձայնվել է կառուցել Cernavodă ատոմային էլեկտրակայանը (գտնվում է մոտ Սև ծովից մոտ 67 կմ արևմուտք):

Մոլդովայում, ինչպես ԱԼԳ մնացած բոլոր երկրներում, նույնպես գոյություն ունի Կոնֆուցիուսի ինստիտուտ:

ԲԵԼԱՌՈՒՍ- ՉԻՆԱՍՏԱՆ

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Չինաստանի հետ հարաբերությունները բնութագրել է «բոլոր եղանակների համար բարեկամություն» և «երկաթյա եղբայրներ» արտահայտություններով: Վերջին տարիներին այդ բնութագրումների ոգով Մինսկը փորձում է իր հարաբերությունները զարգացնել Պեկինի հետ: Բելառուսը Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ է, ինչպես նաև համագործակցում է Չինաստանի հետ «16 գումարած 1» ձևաչափում (Չինաստան-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ):

Բելառուսը հավակնում է կարևոր լոգիստիկ հանգույցի դեր ստանձնել «Մետաքսի ճանապարհ, տնտեսական գոտի» նախաձեռնությունում՝ ապահովելով մի կողմից չինական ապրանքների դեպի Եվրոպա, իսկ մյուս կողմից՝ բելառուսական, ուկրաինական, լեհական և ռուսական արտադրանքի դեպի Չինաստան արտահանումը: Մինսկը հույս ունի, որ չինական ընկերությունների կողմից կարդիականացվեն իր տրանսպորտային ենթակառուցվածքները: Հավանական է, որ Չինական CRCC ընկերությունը մասնակցի ԵՄ սահմանից մինչև Ռուսաստանի սահման բարձր արագության երկաթգծի շինարարությանը: Նախաձեռնության շրջանակներում Չինաստանի կողմից Բելառուսի կարևորման մասին է վկայում վերջինիս հետ հումանիտար և առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնումը:

Չինաստանը զգալի տեխնիկա-տնտեսական օգնություն է տրամադրում Բելառուսին: Չինաստանի փողերով Բելառուսում կառուցվում են սոցիալական բնակարաններ, ուսանողական հանրակացարան, հիվանդանոց: Չինաստանը նախատեսում է կառուցել և Բելառուսին նվիրել 180 մլն դոլար արժողությամբ ֆուտբոլային ստադիոն: Բելառուսում գործում են Կոնֆուցիոսի երեք ինստիտուտներ:

Ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Բելառուսն անհատույց ստացել է FAW HongQi L5 շքերթային ավտոմեքենաներ, ինչպես նաև նորագույն չինական CS/VN3 զրահամեքենաներ, որոնք կարող են աշխատել բարդ քաղաքային պայմաններում:

2017թ. արդյունքներով Չինաստանի հետ Բելառուսի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 106.4 մլն դոլար, որից արտահանումը՝ 362.7 մլն դոլար, ներմուծումը՝ 2 մլրդ 743.7 մլն դոլար, առևտրային հաշվեկշիռը՝ -2 մլրդ 381 մլն: Արտահանումը 2016թ. համեմատ կրճատվել է 23.3%-ով, իսկ ներմուծումն աճել է 28.8%-ով: Բելառուսի կառավարությունը հաստատել է ապրանքների և ծառայությունների արտահանումը Չինաստան 2017-2020թթ. առաջադրանքը, որի համաձայն՝ 2017թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը Չինաստան պետք է կազմեր 653 մլն դոլար, 2018թ.՝ 806,6 մլն, 2019թ.՝ 1,06 մլրդ, 2020-ին 1,5 մլրդ: Բելառուսն արտահանում է կալումիական պարարտանյութեր, նավթաքիմիական արտադրանք, կոմբայներ, պահեստամասեր, հանքավայրերում աշխատող ավտոմեքենաներ, գյուղտեխնիկա և այլ ապրանքներ: Բելառուսը Չինաստանից գնում է գրեթե ամեն ինչ՝ տեքստիլ, արդյունաբերական ապրանքներ, էլեկտրոնիկա և այլն:

Բելառուսը Ռուսաստանի հետ կապված է բավական զարգացած ենթակառուցվածքներով: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Չինաստանը փորձում է Բելառուսի միջոցով դուրս գալ ռուսական շուկա: Մինսկում արդեն աշխատում են ռուսական շուկայի համար նախատեսված չինական ապրանքների վերափաթեթավորման օբյեկտներ: Իսկ Բոլբասովոյում (Օրշայի մոտ) պլանավորվում է բացել չինական ապրանքների միջազգային առևտրային ավան, որտեղ կներկայացվեն ռուսական և եվրոպական գնորդների մեծածախ պատվերների համար նախատեսված զանգվածային սպառման ապրանքներ: Բելառուսը Լեհաստանից հետո կդառնա երկրորդ եվրոպական երկիրը, որտեղ „Չժեցյան-ՍՊԸ ապրանքների միջազգային առևտրային ավանը“ կիրականացնի այդպիսի նախագիծ: Նախագծի իրացումը թույլ կտա Բելառուսում համակենտրոնացնել ապրանքային հոսքեր, որոնք ներկայումս բաշխված են Լեհաստանի, Լիտվայի և Ռուսաստանի միջև: Չինական ընկերությունները Բելառուսը դիտարկում են ոչ միայն որպես ռուսական և ԵՏՄ երկրների շուկաներ, այլև եվրոպական շուկա դուրս գալու հարթակ:

Չինաստանը Բելառուսի համար բացել է կաթնամթերքի և մսամթերքի շուկան: Բելառուսը սառեցված տավարի մսի արտահանման առաջատարներից է աշխարհում: Ենթադրվում է, որ չինական շուկան բացվելով՝ Բելառուսը զգալի ծավալով կդիվերսիֆիկացնի իր արտահանումը: Բելառուսը կարող է նաև զգալի ծավալով հավի միս արտահանել Չինաստան: Վերջինս պատրաստ է քննարկել միս արտադրող ֆաբրիկաներում մասնաբաժին գնելու հարցը և մտադիր է կառուցել կաթնամթերք արտադրող ֆերմաներ՝ 40 հազար գլուխ անասունի համար: Drex կորպորացիան պլանավորում է 1 մլրդ դոլարի ներդրումներ կատարել բելառուսական կաթնամթերքի արտադրությունում:

2017թ. դեկտեմբերին շահագործման հանձնվեց տարեկան 400 հազար տոննա հզորության ցելյուլոզի արտադրության գործարան՝ Սվետլոգորսկի կոմբինատի բազայի հիման վրա: Գործարանի շինարարության գլխավոր կապալառուն չինական САМСЕ կորպորացիան է, իսկ հիմնական վարկատուները՝ Չինաստանի Էքսիմբանկը և Արդյունաբերա-առևտրային բանկը: Ենթադրվում է, որ այն կապահովի ոչ միայն Բելառուսի պահանջները, այլև երկրի համար կապահովի տարեկան 400 մլն դոլարի արտարժութային եկամուտ և հազար աշխատատեղ:

Չինական Midea Group ընկերությունը ցանկանում է կազմակերպել լվացքի մեքենաների արտադրություն: Փորձագիտական գնահատականների համաձայն՝ խոսքը 250-300 մլն դոլար ներդրումների մասին է: Նախագիծը հնարավոր է իրականացնել «Ատլանտա»-ի հիմքի վրա: Midea-ն դեռ տասը տարի առաջ համատեղ արտադրություն է ստեղծել Մինսկի «Հորիզոնտ»-ի հետ՝ թողարկելով միկրոալիքային վառարաններ: 2017թ. արդյունքներով ընկերությունը թողարկել է 1,1 մլն միկրոալիքային վառարաններ, որը կազմում է ԱՊՀ շուկայի մեկ երրորդը: «Մեդիա-Հորիզոնտ»-ում արտադրվում են նաև ջրատաքացուցիչներ: Քննարկվում է օդորակիչների արտադրության հարցը: Midea Group -ը կենցաղային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից և արտահանողներից է Չինաստանում ու աշխարհում:

Մոգիլևի մոտ չինացի ներդրողներն առաջարկում են կառուցել հրավառ իրերի արտադրության գործարան: Բելառուսական MAZ-ը և չինական Weichai-ը «Մեծ քար» ինդուստրիալ պարկում կառուցում են բեռնատարների, հատուկ մեքենաների և ավտոբուսների համար շարժիչների գործարան: Չինական բաժնեմասը նախագծում 70 տոկոս է: Առաջին արտադրանքը կթողարկվի 2019թ.: «Մեծ քար» ինդուստրիալ պարկում մեկ այլ չինական ընկերություն՝ Zoomlion կորպորացիան, կկառուցի հատուկ շինարարական և կոմունալ տեխնիկայի մոդելների արտադրության գործարան: Zoomlion-ն ինդուստրիալ պարկի ռեզիդենտ է: Ներդրումների ծավալը կկազմի 45 մլն դոլար, իսկ առաջին արտադրանքը կթողարկվի 2019թ.: Նախագծի հիմնական գաղափարը Zoomlion-ի և Մինսկի ավտոմոբիլային գործարանի մրցակցային առավելությունների համադրումն է:

Պլաններ կան Մինսկի տրակտորի գործարանի և «Գոմգյուղմեքենա»-ի հետ կազմակերպել գյուղտեխնիկայի արտադրության համատեղ ձեռնարկություններ: Դրանց կողմից արտադրվող տեխնիկան նախատեսված է լինելու նախ և առաջ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և հետխորհրդային տարածքի այլ երկրների համար: Բացի այդ, համատեղ նախաձեռնությունը հավակնում է դուրս գալ ԵՄ երկրներ՝ Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Բուլղարիա և Հունգարիա:

Չինաստանն արդիականացրել է բելառուսական ցեմենտի գործարանները: Չինաստանի խոշոր ավտոմոբիլային Zhejiang Geely Holding Group ընկերության մասնակցությամբ կառուցվել է „Ջիլի“ ավտոմոբիլների հավաքման գործարանը՝ ռուսական շուկա դուրս գալու հեռանկարով: Չինաստանում շահագործվում է «Բելազ» ընկերության 400 միավոր տեխնիկա: «Բելազ»-ը չինական գործընկերների հետ իրականացնում է համատեղ նախագիծ՝ ուղղված Բելառուսի տարածքում չինական NL-3 SUV, NL-4 SUV մոդելի և FE-3 երկու մոդիֆիկացիայի (սեդան և հեչբեկ) ավտոմեքենաների հավաքման արտադրության կազմակերպմանը: Ներդրումների ընդհանուր ծավալը 400 մլն դոլար է: «Բելազ» ընկերության բաժինը 51,49% է:

Քննարկվում է նավթավերամշակման գործարանների արդիականացմանը մասնակցության հնարավորությունը: Նախատեսվում է, որ Չինաստանը 1 մլրդ դոլար վարկ կտրամադրի բելառուսական նավթավերամշակող գործարանների վերակառուցման համար: Արդյունքում Բելառուսը կկարողանա ավելի բարձր ստանդարտի վառելիք արտահանել:

Համագործակցությունը զարգանում է նաև այլ ոլորտներում: Զբոսաշրջության զարգացման չինական CTS կորպորացիային առաջարկվել է “Մեծ քարում“ կառուցել զվարճանքի պարկ: Հյուրանոցները հարմարեցնում են չինացի զբոսաշրջիկների համար՝ China Friendly ձևաչափին համապատասխան: Մինսկում բացվել է Պեկինի պետական հյուրանոցի մասնաճյուղը: Չինացի ներդրողները վերակառուցել են “Գրոդնո“ հյուրանոցը: Ընդլայնվում է չինարեն լեզվի ուսուցումը: Բելառուսը և Չինաստանը քննարկում են 30-օրյա առանց վիզային ռեժիմի կիրառումը: Հատկանշական է, որ Մինսկի օդանավակայանում ուղևորների համար տեղեկատվությունը տրամադրվում է նաև չինարենով:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Be the first to comment on "Չինաստանի առևտրատնտեսական հարաբերություններն Արևելյան գործընկերության երկրների հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*