Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վճռաբեկ դատարանի դիմաց (ուղիղ)

Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վճռաբեկ դատարանի դիմաց (ուղիղ)
ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 24-ին, շարունակվում է բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի:

Ցուցարարների ձեռքին կան ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատկերով եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ: Հատկանշական է, որ այլ քաղբանտարկյալների պատկերով պաստառներ չկան: Նրանք վանկարկում են «ազատություն քաղբանտարկյալներին»:

Սամվել Բաբայանի հարցով բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան եւ հիմա ցուցարարները պահանջում են այն շտապ վարույթ ընդունել, իսկ երկրորդ փուլով արդարացման վճիռ կայացնել: Գործը վարույթ ընդունելու համար նախատեսված է եռամսյա ժամկետ, որից դեռ մեկ ամիսն է անցել:

Ավելի վաղ Սամվել Բաբայանի աջակիցներից, «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը հայտնել էր, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը միջնորդել են, որ Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կոչով՝ դադարեցնել բոլոր անհնազանդության գործողությունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Be the first to comment on "Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վճռաբեկ դատարանի դիմաց (ուղիղ)"

Leave a comment

Your email address will not be published.


*